Վոլոդյա Ավետիսյանի նոր նախաձեռնությունը

ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳ ԿԱ

Թե որքանով «Արժանապատիվ ազատամարտիկ»-ը կհաջողի իրագործել իր ծրագրերը՝ ժամանակը ցույց կտա: Բայց ողջունելի է հատկապես համախմբվելով պետականաշինությանը մասնակցելու նրանցցանկությունը: Միայն թե համախմբվել ասվածը նրանց կողմից ևս չընկալվի իբրև սոսկ յուրայինների ընկերակցություն՝ ինչպես հաճախ է պատահում մեր իրականության մեջ:
 
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ու Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը ստեղծել են «Արժանապատիվ ազատամարտիկ» անվամբ ՀԿ, որի նպատակը պետականաշինությամբ զբաղվելն է: Այս մասին նրանք տեղեկացրին լրագրողների հետ հանդիպմանը:
 
ՀԿ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանի խոսքով՝
խնդիրները երկրում այնքան շատ են, որ, կարծես թե, ձնագնդի նման ամեն ինչ խառնվել է իրար: Խնդիրները լուծելու և պետականաշինությանը մասնակցելու համար  պետք է համախմբվել:
Գագիկ Սարուխանյանի կարծիքով՝ այսօր  Հայաստանը չունի արժանապատիվ իշխանություն, իսկ ԱԺ-ի քաղաքական ուժերից որևէ մեկը չի ներկայացնում ժողովրդի շահը: 
 
ՀԿ ղեկավար Վոլոդյա Ավետիսյանն էլ կարևոր խնդիր է համարում ազգի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելը.
 
- Մեր նպատակը հայրենասիրության քարոզարշավ իրականացնելն է Հայաստանի ամբողջ տարածքում: Զինծառայողներին պետք է բացատրենք, որ ծառայում են հայրենիքին, այլ ոչ թե որևէ մեկի համար:
 
Բանախոսներն անդրադարձան արցախյան հիմնախնդրին: Վոլոդյա Ավետիսյանը կարծում է, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա: 
 
Իրենց գործունեությունն իրականացնելու համար «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ-ին անհրաժեշտ է փոքր կենտրոնում տարածք, որ կարողանան շտաբի կարգավիճակով գործունեություն իրականացնել: 
 
 Ազատամարտիկը վստահ է, որ հնարավոր է երկրում ամեն ինչ ուղղել, պարզապես ցանկություն է պետք:
 
- Երկիրը շատ վատ վիճակում է, անվտանգության  խնդիր  ունենք,- ավարտեց իր խոսքը Վոլոդյա Ավետիսյանը:
 
Հիշեցնենք, որ ազատամարտիկը մեկ ամիս առաջ է  դուրս եկել բանտից: Նա մեղադրվում էր  խաբեությամբ և վստահությունը չարաշահելով՝  քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար աջակցություն ցույց տալու հիմքով: Վոլոդյա Ավետիսյանը, սակայն, պնդում էր, որ դա շինծու մեղադրանք է: Իրեն ձերբակալել  էին  Ազատության հրապարակում  ազատամարտիկների խնդիրները բարձրաձայնելու ու իշխանությանը քննադատելու համար: