500-1000 դրամ խնայելու համար սառնարաններն անջատում են

ԹՌՆՉԱՄՍԻ ՆԵՐԿՐՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է

Այսօրվա մամլո ասուլիսում  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության, անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների պետերը ամփոփեցին ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում իրականացված պետական  վերահսկողության արդյունքներն՝ ըստ ոլորտների: 
 
Այդ ժամանակահատվածում պետական վերահսկողություն է իրականացվել 622 սուբյեկտների մոտ, այդ թվում՝ 362 ստուգում, 186 դիտարկում, 74 անասնահամաճարակային մշտադիտարկում: Արդյունքում, ելնելով խախտումների բնույթից, կասեցվել է 35 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը, կայացվել է անձանց  աշխատանքի թույլատրելու մասին 37 որոշում:
 
Սննդամթերքի անվտանգության և որակի  հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի խոսքով՝ հատուկ ուշադրություն են դարձրել նախակրթական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության խնդիրներին: Պետական վերահսկողությանը զուգահեռ՝ հանրապետության բոլոր մարզպետարանների պատասխանատուներին և հանրակրթական հաստատությունների տնօրեններին ներկայացվել են սահմանված պահանջներն ու համակարգային խնդիրների լուծման ուղիները: 
 
Անդրադառնալով զովացուցիչ ըմպելիքների ոլորտի խախտումներին՝ Վ. Դանիելյանը տեղեկացրեց, որ  զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում  տնտեսվարող 34 սուբյեկտների մոտ իրականացրած վերսկողության արդյունքում ժամանակավորապես կասեցվել է 16-ի արտադրական գործընթացը:  
 
Կաթնամթերքի ոլորտում 2017-ի առաջին կիսամյակում ստուգումներ են իրականացվել 13 արտադրող ընկերություններում: Իսկ հիմա արդեն ծառայության մասնագետները ստուգումներ են կատարում կաթնամթերք արտադրող 50 ընկերություններում: 
 
Հուլիսի սկզբից նրանց ուշադրության կենտրոնում է պաղպաղակի իրացման շուկան, և արդեն իսկ կասեցվել է պաղպաղակի 4 արտադրություն:  Թե որ ձեռնարկությունների  արտադրանքն է կասեցվել՝ Վահե Դանիելյանն անուններ չտվեց, քանի որ ուսումնասիրությունը շարունակվում են:
 
Պետական պաշտոնյային լրագրողները հիշեցրին, որ Հայաստանի   սպառողների ազգային ասոցիացիայի  ներկայացուցիչներն օրեր առաջ խոսել էին պաղպաղակի ոլորտի խնդիրների մասին: Պաղպաղակ վաճառող տնտեսվարողները գիշերն անջատում են սառնարանները, որի պատճառով պաղպաղակում մանրէներ են գոյանում: Բացի այդ, լցնովի պաղպաղակի ոլորտում աշխատողներից ընդամենը մեկն է հավաստագիր ունեցել: Ի պատասխան՝ սննդամթերքի անվտանգության և որակի  հսկողության տեսչության պետը նշեց, որ այդ խնդիրը ՍԱՊԾ-ն բարձրաձայնել է դեռ նախորդ տարի.
 
- Խնդիրը մասամբ անվերահսկելի է: Պաղպաղակի սառնարաններն անջատում են 500-1000 դրամ հոսանք խնայելու համար, վնասում քաղաքացու առողջությունը: Հիմա մեխանիզմներ ենք մշակում դա վերահսկելու համար: 
 
Պաշտոնյան նաև խոստովանեց, որ համակարգային խնդիրներ կան հանրային սննդի ոլորտում.
 
- Եթե ամեն մի հանրային սննդի կետի կողքին տեսուչ կանգնեցնեն, ապա մեր քաղաքացիներից յուրաքանչյուր 50-րդը պետք է լինի մեր աշխատակիցը: 
 
Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն էլ, ներկայացնելով կատարված աշխատանքները, ընդգծեց, որ Իրանից, Լեհաստանից, Ուկրաինայի մի քանի շրջաններից ժամանակավորապես արգելել են թռնչի մսի ներկրումը Հայաստան՝ թռչնագրիպից ու տարատեսակ հիվանդություններից զերծ մնալու համար: 
 
Բագրատաշենի անցակետի մասին հնչող քաղաքացիների դժգոհությունները ևս չանտեսվեցին: Օրինակ, ինչո՞ւ չի կարելի 5 կգ-ից ավել  միրգ ու բանջարեղեն տեղափոխել՝ առանց մաքսազերծման: Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն ասաց, որ դա ԵԱՏՄ պահանջներից է՝ Եվրասիական տնտեսական միության տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք.
 
Նախկինում, երբ օրենքը չկար, 5 կգ-ի անվան տակ մի քանի անգամ ավելի պտուղ ու բանջարեղեն էին բերում: Այդ մի քանի անգամը վերածվում էր առևտրային խմբաքանակի, որը հետո վաճառվում էր: Այսինքն՝  չստուգված  պտուղ-բանաջերեղեն էր մատուցվում սպառողին: