Չեխական ֆինանսավորմամբ հայկական մաքրություն

ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Որքանո՞վ է տրամաբանական՝ Չեխիայի դրամաշնորհը ծախսել բնակիչներին քարոզելու ու դասընթացների վրա, եթե Հայաստանի տարբեր քաղաքներում դեռ աղբամանների պակաս կա, եթե աղբահանությունը երբեմն օպերատիվ չի կատարվում:
 
Արդյո՞ք թղթարարությամբ փող լվանալու մի նոր սողանցք չի դառնա այս դրամաշնորհը ևս:
 
Պարզվում է՝ Հայաստանում փողոցները մաքրելու գործում և  բնակիչներին մաքրություն սովորեցնելու համար նույնպես օգնության են գալիս օտարները: Խոսքը Չեխիայի Հանրապետության դեսպանատան տրամադրած 9000 դոլար դրամաշնորհի մասին է, որի տնօրինման համար Կառավարությունը ՀՀ Արմավիրի մարզպետարանին թույլատրել է Ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ: 
 
Ի մասնավորի՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանի և Չեխիայի Հանրապետության դեսպանատան միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակում մարզում կիրականացվեն «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացներ և բնակչության շրջանում քարոզչության նպատակով կպատրաստվեն նյութեր: 
 
Արդեն մեկ ամսից ավելի է, որ կառավարությունը  խոսում է «Մաքուր Հայաստան» ծրագրի մասին, կարևորում Հայաստանում գործող աղբավայրերի փակումն ու  աղբի նվազումը: Իսկ աղբավայրերը մեր երկրում քիչ չեն՝ մոտավորապես 3500:  Պետության տարածքներն աղբից մաքրելու դժվարին գործընթացը Տարածքային կառավարման նախարարության  ուսերին է: Սակայն, պարզվում է, որ առանց արտաքին աջակցության՝ այդ ծրագիրը կյանքի կոչել հնարավոր չէ: 
 
Այն, որ խնդիրն այժմեական է և հրատապ լուծման կարիք ունի՝ չենք վիճարկում: Այդ պատճառով կառավարությունն արդարացիորեն հավանության արժանացրեց փողոց աղբ նետողներին 16.000 դրամով տուգանելու օրինագիծը: 
 
Բայց  որքանո՞վ է տրամաբանական՝ Չեխիայի դրամաշնորհը ծախսել բնակիչներին քարոզելու ու դասընթացների վրա, եթե Հայաստանի տարբեր քաղաքներում դեռ աղբամանների պակաս կա, եթե աղբահանությունը երբեմն օպերատիվ չի կատարվում: 
 
Բնակավայրերի մաքրությունն ապահովելու գործում, իհարկե, կարևոր են նաև բնակիչների գիտակցությունն ու էկոկրթությունը, որի մասին պոսվում էարդեն մի քանի տարի:  Բայց որքանո՞վ է ճիշտ, որ դրամաշնորհը ծախսվի նաև հատկապես ու միայն այդ նպատակով: Արդյո՞ք թղթարարությամբ փող լվանալու մի նոր սողանցք չի դառնա դա: Առավելևս՝ նախորդ գումարման ԱԺ-ն անգամ մի օրենք ընդունեց, որի պահանջով հենց դպրոցից աշակերտները կսովորեն քաղաքը մաքուր պահել ու շրջակա վերաբերվել այնպես, ինչպես կվերաբերվեն իրենց տանը: 
 
Սակայն հաշվի առնելով նախկին փորձը, հատկացված դրամաշնորհները՝ չպետք է զարմանալ, որ Չեխիայի դեսպանատան ֆինանսական աջակցությունն էլ շոշափելի, առարկայական օգտակարություն չէր կարող ունենալ (դիցուք՝ աղբամանների թիվը ավելացնել, 1-2 աղբավայր վերացնել…): 
 
Այս դրամաշնորհն իր նպատակին կծառայի՝ եթե բնակչության համար կազմակերպվելիք մաքրության արշավներն էլ ձևական չլինեն և ծառայեն իրենց նպատակին: Այլապես ստիպված  կլինենք հերթական անգամ արձանագրել, որ քամուն տրվեցին հերթական ֆինանսական միջոցները: