20 տոկոս արտահանման աճ՝ մինչև տարեվերջ

ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Էլեկտրաէներգիան լույս է, ջերմություն ու զովություն: Մեկ բառով՝ հարմարավետություն, որից օգտվելու հաճույքն այդպես էլ լիարժեքորեն վայելել չեն կարողանում մեր բազմահազար հայրենակիցները, ովքեր վճարունակ չեն: Մխիթարականն այն է, սակայն, որ ձերբազատվել ենք հովհարային տագնապներից և հույսեր ունենք, որ ոչ շատ հեռու ապագայում արևային էներգիան ավելի մատչելի սակագներով մեզ կպարգևվի:
 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր մամլո ասուլիսում  անդրադարձավ տեղական արևային վահանակների արտադրությանը: Պարզվում է՝ դրանց արտադրությունն իրականացնում են Հայաստանում: Հիմա մի քանի ներդրումային ծրագրեր կան, որոնց նպատակն է այստեղ արևային վահանակների արտադրություն կազմակերպել: 
 
- Տեղական արտադրությամբ կարող ենք ավելի մատչելի դարձնել այս տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում,-ասաց  գործադիր մարմնի անդամը: 
 
Հայաստանում մոտավորապես 280 չգազաֆիկցված գյուղեր կան: Փոխնախարարի խոսքով՝ դրանք հիմնականում փոքր գյուղեր են, որոնցում ընդհանուր հաշվով 136 հազար մարդ է բնակվում։ Հաշվարկներըը ցույց են տվել, որ այդ գյուղերում ավելի նպատակահարմար արևային էներգիա անցկացնելը, որը և՛ մաքուր է, և՛ էժան։ Գազաֆիկացումը շուրջ 39 մլրդ դրամ կարժենա, որն ավելի թանկ է, քան  յուրաքանչյուր տանը արևային ջրատաքացուցիչներ և արևային պանելներ տեղադրելը:
 
Հայկ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ հայտարարել են 55 Մգվ արևային կայանի կառուցման համար մրցույթ. ներկայացվել էր 20 դիմում, իսկ նախաորակավորման փուլը հաղթահարել է 10 կազմակերպություն: Մրցույթը կավարտվի 2018 թվականի առաջին եռամսյակում:
 
Որ այս տարվա կլիմայական բարդ պայմանների՝ շատ ցուրտ ձմռան և շատ շոգ ամռան հետևանքով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը՝ սպառողն իր գրպանի վրա է զգացել: Իսկ սպառման աճը նշանակում է նաև արտադրության աճ:
 
Խոսելով էլեկտրաէներգիայի արտադրության մասին՝ փոխնախարարը  մի քանի թվային տվյալ ներկայացրեց: Այս կիսամյակում նախորդի համեմատությամբ էլեկտրաէներգիայի արտադրության 4,9 տոկոս աճ է արձանագրվել, ներմուծումն ավելի քիչ՝ ընդամենը 1,8 տոկոսով է ավելացել, իսկ արտահանումը, ռեժիմների հետ կապված, մի քիչ նվազել է.
 
- Բայց դա կոմպենսացվելու է մինչև տարեվերջ: Մեր կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ ունենալու ենք մինչև 20 տոկոս էլեկտրաէներգիայի արտահանման աճ:
 
Կա նոր պայմանագրիր նոր փոխհոսքեր իրականացնելու Վրաստանի հետ, որոնք շատ արդյունավետ կերպով արդեն իրականացվում են:
 
- Փետրվար-մարտին կարողացել ենք արտահանումը ավելացնել: Մինչև տարվա վերջ կրկնապատկվելու է  փոխհոսքերի քանակը: Կա փոխշահավետ համագործակցություն Վրաստանի հետ և հուսով ենք, որ շարունակական կլինի: Սա նախապատրաստական աշխատանք է: Հետագայում, երբ նոր գծերը կառուցվեն, ավելի լայն ծավալի առևտրի իրականացման համար,- եզրափակեց Հայկ Հարությունյանը: