Մանրէներ՝ պաղպաղակներում

ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՍԱՊ ծառայությունը ուսումնասիրություն է սկսել պաղպաղակի ոլորտում: Մինչ այս կառույցը կավարտի իր ուսումնասիրությունը, Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն է անդրադարձել  պաղպաղակի շուկայի խնդիրներին: 
 
Խանութներում և սուպերմարկետներում նրանց կատարած դիտարկումները փաստել են, որ խախտվում են պաղպաղակի պահպահման ջերմաստիճանային պայմանները.
 
- Գիշերը սառնարաններն անջատոմ են, ցերեկը՝ միացնում: Պաղպաղակը հալում է և հետո սառչում: Միկրոբները սկսում են արագորեն զարգանալ:
 
Հետաքրքիր է, այս մասին տեղյակ չէ՞ արտադրողը. չէ՞ իր արտադրանքի որակն է տուժում՝ ստվերելով նաև ձեռնարկության հեղինակությունը:
 
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիան  նաև կաթնամթերքի շուկան է ուսումնասիրել: Մեկուկես տասնյակ ընկերությունների նամակ են գրել՝ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու համար, սակայն միայն 5 ընկերություն է արձագանքել: 
 
- Այն ընկերություններում, որտեղ մենք ուսումնասիրություններ ենք արել, համարյա խախտումներ չկան, իսկ այն ընկերությունները, որտեղից չեն արձագանքել, ուրեմն, այնտեղ խախտումներ կան, և իրենք չեն ուզում, որ դրա մասին բարձրաձայնենք,-ասաց բանախոսը:
 
Պաղպաղակների վրա արտադրողները մակնշում են՝ պատրաստված է բուսական յուղով, սակայն չեն նշում, թե որ բույսից է այդ յուղը և ինչ չափաքանակով է օգտագործված: 
 
Սպառողների ասոցիացիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանի ուսումնասիրության կենտրոնում դրսում վաճառվող պաղպաղակներն են: Նա 5 վաճառքի կետում հարցուփորձ է արել և պարզել, որ միայն մեկն ունի հավաստագիր: 
 
- Շուկաներում, փողոցներում, օբյեկտների դիմաց հաճախ տեսնում եք լցնովի պաղպաղակ: Պաղպաղակը ֆրեզի մեջ խառնուրդը չպետք է կամայական լցվի, պետք է հստակ մի կազմակերպությունից ունենա սերտիֆիկատ: Երեկ 5 տեղ նայել եմ, որից միայն մեկն ասաց, որ ունի համապատասխան փաստաթուղթ: Բայց չգիտեմ՝ միայն թո՞ւղթն է վերցրել, թե՞ խառնուրդն էլ հետը:
 
Բանախոսը մեկ այլ նկատառում էլ ուներ՝ ի շահ տեղական արտադրողի: Ուսումնասիրությունների ընթացքում նա նկատել է, որ տուրք է տրվում ներկրման շուկային, մինչդեռ մեզանում ևս կան նաև լավագույն արտադրողներ: 
 
Իսկապես, որակի մասին հավաստիացումները թողնենք մասնագետներին, սակայն ամենապարզ տրամաբանությամբ՝ տեղականը, բնականաբար, ավելի թարմ է լինում: Բացի այդ, ներկրվող արտադրանքում պետք է որ ավելի շատ լինեն առողջության համար ոչ օգտակար հավելանյութերը՝ ավելի երկարաժամկետ պիտանելիություն ապահովելու համար:
 
Չնայած որակի տեսչությունը ստուգումներ անում է, բայց  կատարված աշխատանքը հավատ չի ներշնչում, քանի որ այդ ոլորտում դեռ կան խնդիրներ և դրանց մի մասը տեսանելի է նաև սպառողին: