Կարելի է սկսել հին հանգուցյալներից

ԻՍԿ «ԴԱՏԱՎՈՐՆԵ՞ՐՆ» ՈՎՔԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ

Մինչ նոր հանգուցյալներին տեղ հատկացնելը, արժե սկսել հների շիրմաթմբերն առանձնացնել, որոնք առաջին իսկ հայացքից հուշում են, թե ով է կաշառակեր կամ կոռուպցիայով հարստացածի հարազատ եղել, և՝ ով է ապրել արդար վաստակով: Բավական է նայել ճոխ, մարմարապատ կամ թանկարժեք այլ քարապատ շիրմաքարերին՝ հասկանալու, թե այն աշխարհ մեկնածի ժառանգներն ինչ վաստակի տեր են: 
 
Սա ի պատասխան առաջարկում ենք ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի նախագահ, նախկին նախարար Հրայր Թովմասյանին՝ հավելումն նրա ներկայացրած նկատառումների:
 
Նշելով, թե բազմաթիվ պաշտոնյաների ձերբակալելու և կալանավորելու փաստերը վկայում են, որ կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի քայլեր արվում են, Հ. Թովմասյանը կարևորել է նաև վստահության մթնոլորտի կարևորութունը: Հումորո՞վ, թե՞ լուրջ՝ նա անհաղթահարելի այդ ախտի դեմ պայքարի մի քանի առաջարկ է հնչեցրել.
 
 - Միգուցե ամենաարդյունավետ մեթոդը ոչ թե այս ամբողջն է, այլ կաշառակեր պաշտոնյայի նկարը գովազդային պաստառների վրա փակցնելն է և 3-4 ամիս թողնելը… Ընկերներիցս մեկն առաջարկում է, որ կաշառակերները և մարդասպանները առանձին գերեզմանատուն ունենան, որպեսզի բոլոր սերունդներն իմանան, թե ովքեր են եղել նրանք:
 
Գովազդային պաստառների վրա  կաշառակերների  նկարները փակցնելն, իրոք, հետաքրքիր է: Բայց արդյո՞ք  կաշառակերներն այդքան ընկալունակություն ու ամոթ կունենան՝ հասկանալու, որ այդ պաստառները ոչ թե մեծարանք են, այլ պախարակումի խարան:
 
«Ձախ» եկամուտը նախևառաջ ուրիշների բերանից խլված հացի պատառն է. սա գիտակցողը պիտի որ ամաչեր ու դուրս գար թալանի մրցավազքից: Մինչդեռ անաշխատ եկամուտներով իրենց աշխարհի տեր զգացողներն անհոգի կեղեքումը ճարպկության ու խելքի հետ են շփոթում: Այնպես որ՝ գովազդային պաստառները նրանց նմաններին լավ նվեր ու  անվճար գովազդ կլինի:  
 
Ինչ վերաբերում է նմանների գերեզմանատեղին առաձնացնելուն՝ թերևս, այո, նրանք արժանի չեն արդարներին կողքին ննջելու: Միայն թե՝ հավերժական հարցի պատասխանը նորից հավատընծա չի լինելու՝ իսկ դատավորնե՞ն ովքեր են. ո՞վ է ջոկելու արդար ու մեղավոր: Բնականաբար՝ հերթական ինչ-որ հանձնաժողով: 
 
Մի առաջարկ էլ՝ այս առիթով: Ինչո՞ւ միայն մեկ կառույց: Թող, դիցուք, երեք-չորսը լինեն: Մեկը կհսկի, երկրորդը կվերահսկի առաջինին, երրորդն էլ կստուգի առաջին երկուսին: Դե, չորրորդն էլ ձանձրույթից չի ինքնալուծարվի: Մեկ է, ինչպես նմանատիպ այլ ձեռնարկումների փորձն է ցույց տվել՝ հետագայում բոլորն էլ սերտաճելու են մեղսավորների հետ: Լավագույն դեպքում՝ բացահայտումների պատրանք ստեղծելու նպատակով, մերթընդմերթ  քաղաքական ինչ-ինչ հաշվեհարդարներ են սարքելու՝ կոռուպցիայի դեմ պայքար անունով: