Լավագույն գովազդը հակագովազդն է

Մինչ Բաքվում դատում են բլոգեր Լապշինին ու Արցախ այցելելու համար ամենախիստ պատիժները պահանջում, զգալիորեն ավելանում է զբոսաշրջիկների մուտքը Հայոց երկրորդ հանրապետություն: 2017թ. հունվար-հունիս ամիսներին 26%-ով ավելի շատ  օտարերկրյա զբոսաշրջիկներ են Արցախ այցելել, քան նախանցյալ տարի, և 46%-ով ավելի` քան 2016թ.: Ընդ որում զբոսաշրջության բնագավառի բոլոր ուղղություններում  այցելությունների աճ է գրանցվել:

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության հաղորդած տվյալների համաձայն, օրինակ, Տիգրանակերտի պետական արգելոց է այցելել ավելի քան 5000 զբոսաշրջիկ. ցուցանիշ, որը  2015թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ 62%-ով ավելի է: Հաշվարկային գնահատականներով` զբոսաշրջությունից ստացված եկամուտները ավելացել են 35%-ով և կազմել են 1,7 մլրդ ՀՀ դրամ: Նաև նշվում է, որ այս տարվա ատաջին կեսին զբոսաշրջության բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրերի համար, բացի պետական բյուջեի միջոցներից, հաջողվել է նաև 25 մլն ՀՀ դրամ ներդրումներ ապահովել միջազգային դոնորների կողմից:

Իսկապես` հակագովազդը լավագույն գովազդն է: Որքան Ադրբեջանը փորձում է Արցախ այցելությունների վրա իր իրավունքը ազդարարել և երբեմն նույնիսկ լուրջ դեմքով ծիծաղելի քայլեր անել (Ինտերպոլին ուղղված դիմումներով, օրինակ), ավելի է մեծանում հետաքրքրությունը Մեծ Հայքի տասներորդ նահանգի` այսօրվա Արցախի Հանրապետության նկատմամբ:
Սա նաև նշանակում է, որ «սև ցուցակներն» արհամարհելով` նրանք պատրաստ են առանց ափսոսանքի խզել իրենց հնարավոր հարաբերություններն Ադրբեջանի հետ:

Ադրբեջանական հետախուզությունը, անշուշտ, այս տվյալներն արդեն ամրագրել է: Իսկ թե իշխանությունները կատաղության նոպաների արանքում ի՞նչ եզրակացություն են արել` դեռ կերևա: