Վարչապետից թաքցնում են իրականությունը

ՍԱՊԾ-Ն ԼՌՈՒՄ Է

ՍԱՊԾ նորանշանակ պետ Իշխան Կարապետյանի գալուց հետո, ըստ տեղեկությունների՝ ծառայությունում կադրային ջարդ է սկսվել: Բանը հասել է նրան, որ երկու աշխատակից դիմել է դատարան՝ վերականգնելու իրենց աշխատանքային իրավունքները: Խոսքը ՀՀ Գյուղնախարարության ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի նախկին պետ Նարեկ Մանթաշյանի և Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանի մասին է: Նրանք պնդում են, որ խախտվել են իրենց  
աշխատանքային իրավունքները և իրենց հանդեպ անօրինականություն է կատարվել: 
 
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Նարեկ Մանթաշյանը մանրամասնեց, որ այս տարվա  մայիսի 30-ին մասնակցել է քաղաքացիական ծառայության ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի համար անցկացվող մրցույթին, որին իր հետ մասնակցել է նաև պետի պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը։ 
 
Ա․ Թաթոյանը չի հաղթահարել անցողիկ շեմը, իսկ Նարեկ Մանթաշյանը ճանաչվել է մրցույթի հաղթող.
 
- Սակայն նույն օրը ՍԱՊԾ-ից ինձ կանչել և բանավոր տեղեկացրել են, որ այդ տեղն Ա․ Թաթոյանինն է: Ինձ խոստացան 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել և հորդորեցին չգնալ աշխատանքի: Սակայն ես  հակառակն արեցի, որից հետո կտրուկ լարվեցին իմ և ծառայության պետի խորհրդականի հարաբերությունները, որը ղեկավարում է սահմանային կետերի գործունեությունը:
 
Մանթաշյանի աշխատանքային գործունեության ժամանակ նրան չեն տրվել իր աշխատանքային կնիքը և պետական մարմինների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար Մալբերի համակարգի մուտքանունն ու գաղտնաբառը: 
 
Աշխատանքային գործունեության ընթացքում Մանթաշյանը խնդրի առաջ է կանգնել: Գյուղմթերքի ակտիվ արտահանման ժամանակաշրջանում մրգերով բեռնված մեքենան չէր կարող օրերով կանգնել սահմանում՝ մինչև գնան Երևան սերտիֆիկատ ստանալու: Խնդրի մասին աշխատակիցը գրավոր զեկուցել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին։ Հաջորդ օրը կադրերի բաժնից իրեն կանչել են և պահանջել աշխատանքից ազատման դիմում գրել.
 
- Ես հրաժարվել եմ՝ ասելով, որ աշխատանքային պրոցեսում  խնդիրներ և բացթողումներ չեմ ունեցել։ Հուլիսի 12-ին ինձ զանգահարեցին և տեղեկացրեցին, որ ես ազատվել եմ աշխատանքից՝ սեփական դիմումիս համաձայն,- իր աշխատանքային թնջուկը ներկայացրեց բանախոսը: 
 
ՍԱՊԾ աշխատակիցն իր աշխատանքային իրավունքների խախտման մասին բաց նամակ է գրել վարչապետ Կարեն Կարապետյանին, բայց դեռ պատասխան չի ստացել: Իրեն արդեն նախկին համարող աշխատակիցը կարծում է, որ վարչապետից դեռ թաքցնում են տեղի ունեցածը: 
 
Նարեկ Մանթաշյանը դիմելու է նաև գլխավոր դատախազին, քանի որ իր հետ կատարվածը պաշտոնի չարաշահման, լիազորությունների գերազանցման խոսուն վկայություն է:
 
Բացահայտ ապօրինությանը ձեռնոց նետած աշխատակիցը հավաստիացրեց, որ նախկինում նման խնդրի առնչվել են նաև ՍԱՊԾ այլ աշխատակիցներ, սակայն նրանք չեն բարձրաձայնել: Իսկ իր հետ փորձել են հաշտության գալ, անգամ առաջարկել են հետ վերադառնալ աշխատանքի, բայց նա չի համաձայնել, քանզի մտավախություն ունի, որ դարձյալ ոտնձգություն կլինի, և ինքը չի կարող դրա դեմն առնել: 
 
ՍԱՊԾ նախկին մեկ այլ աշխատակից Գեորգի Ավետիսյանն էլ մոտավորապես նույն խնդրի առաջ է կանգնել: Դիմել է դատարան, ու առաջին ատյանում շահել է դատը: Պատասխանող կողմը 1-ին ատյանի դատարանի կայացրած վճիռը բողոքարկել է: Գործն այժմ քննում է  վերաքննիչ դատարանը:
 
Ի  դեպ.ՍԱՊԾ-ն դեռ չի արձագանքել այս բողոքներին: