Պետք է արժանի լինես հարգանքի

ԹՈՒՐՔ ԳՐՈՂԸ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Թուրքիայում շարունակվում են բողոքի ակցիաները՝  ընդդեմ Էրդողանի: Նախորդ ամիս թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ  թուրքական գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլու ձերբակալության համար Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նախաձեռնել էր «Արդարության քայլերթ» անվամբ բողոքի երթը: 
 
Հիշեցնենք՝ դատարանը Էնիս Բերբերօղլուն  24 տարի ազատազրկման էր դատապարտել։ Ցույցը եզրափակվել էր Անկարայից Ստամբուլ շարժվող 430-կիլոմետրանոց երթով:
 
Հազիվ թե պատահականության բերումով է, որ հատկապես Թուրքիայի համար անհանգիստ այս օրերին է Ստամբուլից Երևան ժամանել թուրք գրող, հրապարակախոս Զեյնել Աբիդին Քըզըկյափրաքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա անդրադարձել է նաև այդ երթին:
 
- Ժողովուրդը վաղուց էր սպասում քայլ կատարելուն, հետևաբար այս բողոքը բոլորովին պատահական չէր: Ժողովրդի համբերության բաժակը լցվել էր,- ասաց նա:
 
Գրող–հրապարակախոսը կարծում է, որ Էրդողանն էլ իր բողոքի ակցիայով կպատասխանի ցուցարարներին։ Թուրքիայի ղեկավարը 81 վիլայեթների բնակիչներին կոչ է արել հուլիսի 15-ին փողոց դուրս գալ։
 
Ինչպե՞ս է  թուրք գրողն այսպես ազատ կարողանում  խոսել  այսպիսի քաղաքական խնդրի մասին: Պարզվում է` գրողը կապեր ունի Եվրոպայում.
 
- Կինս գերմանուհի է, ես ժամանակիս մեծ մասը Գերմանիայում եմ անցկացնում, որտեղ նաև գրում և աշխատում եմ։ Թուրքիայի իշխանությունները հասկանում են, որ իմ ձերբակալությունը կարող է բողոքի ալիք բարձրացնել Եվրոպայում, թեև ձերբակալության մասին միտքն ինձ չի լքում ամեն անգամ, երբ ես դուրս եմ գալիս տնից: 
 
Քըզըկյափրաքն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանությանը, որը մինչ օրս Թուրքիան չի ճանաչել: Մտավորականն ինքն է փաստում՝ 100 տարի է, որ Անկարան ժխտման ու հակահայկական քաղաքականություն է վարում: 
 
- Եղելությունները դրժող մարդը պետք է արժանապատվությունից զուրկ լինի: Եթե դու պետություն ես աշխարհի քաղաքակրթության մեջ, նախ ևառաջ հարգանքի պետք է արժանի լինես,- ասաց գրողը: