Խաղալիքների անվտանգությունը հավաստող փաստաթղթերը կե՞ղծ են

98 ՏՈԿՈՍԸ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՉՈՒՆԻ

Ինչպե՞ս կարող է սպառողը ճիշտ կողմնորոշվել: Վերջիններիս իրազեկումը ստանձնած ՀԿ ղեկավարը մի քանի խորհուրդ է տալիս: 
 
Խաղալիք ձեռքբերելիս ուշադրություն դարձնել մակնշմանը, ստուգել անվանումը, արտադրող երկիրը, արտադրողի ապրանքային նշանը, արտադրման տարեթիվն ու պիտանելիության ժամկետը: Ուշադիր լինել, որ թե ո՞ր տարիքային խմբի համար է նախատեսված տվյալ խաղալիքը, ինչպիսի պահպանման և օգտագործման պայմաններ են նախատեսված: Պարտադիր պահանջել անվտանգությունը հավաստող սերտիֆիկատը՝ վստահ լինելու, որ խաղալիքը երեխայի համար անվտանգ է:
 
«Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ» նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսում իր մտահոգությունն արտահայտեց խաղալիքների շուկայի մասին՝ այնտեղ կատարած իրենց ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելով:  
 
Պարզվում է` համապատասխան փաստաթղթեր ունեցող խաղալիքները, Հայաստան ներմուծվելիս՝ սահմանում հիմնականում չեն ստուգվում: Մինչդեռ վերավաճառողների 98 տոկոսը չունի սերտիֆիկատ՝ դրանց անվտանգ լինելու մասին, ինչը նշանակում է, որ ոչ մեկը չի կարող ասել՝ խաղալիքը վտանգավո՞ր է, թե՞ ոչ:
 
Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ուսումնասիրությունների՝ սպառողների մեծ մասը խաղալիք չի գնում մասնագիտացված խանութներից: Բացի այդ, ոչ բոլոր տնտեսվարողներն ունեն սերտիֆիկատ: Իսկ ամենակարևորն ու ցավալին այն է, որ սպառողներն անգամ տեղյակ չեն, թե խաղալիքի անվտանգությունը փաստող սերտիֆիկատ կարող են պահանջել:
 
ՀԿ ղեկավարը նաև պարզել է, որ խաղալիք ներմուծող և վաճառող շատ տնտեսվարողներ սերտիֆիկատներկայացնում են, սակալն դրանք վերաբերում են մեկ այլ ապրանքի, այլ ոչ թե խաղալիքի անվտանգությանը:
 
Հասկանալու համար, թե ինչ է կատարվել, Բաբկեն Պիպոյանը գրավոր դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, քանի որ սերտիֆիկատ տրամադրող ՊՈԱԿ-ն այդ կառույցի  ենթակայությամբ է գործում: Եվ եթե պարզվի, որ խնդիրը տեխնիկական է՝ ՀԿ-ն  ոչինչ չի անի: Իսկ եթե մութ գործարքներ բացահայտվեն, գործը, հավանաբար,կհասնի իրավապահներին, քանի որ գործ կունենանք տնտեսական հանցագործության հետ:
 
ՀԿ ղեկավարն այսքանով չի սահմանափակվելու: Առաջիկայում խաղալիքի շուկայի խնդիրները լուծելու համար կկազմակերպվի քննարկում: 
 
Բանախոսը սպառողներին հորդորում է խաղալիքի անվտանգությունը չպայմանավորել նրա թանկ կամ էժան լինելով: Թանկ խաղալիքը նույնքան վտանգավոր կարող է լինել երեխայի առողջության համար, որքան՝ էժանը, և հակառակը: