«Սասնա ծռեր»-ի գործին միջամտեց նաև Փաստաբանների պալատը

ՔԱՇՔՇՈՒԿ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Այսօր ԱԺ-ում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկմանը ՄԻ պաշտպանը հայտարարեց, թե իրենց ստացած բողոքների զգալի մասը՝ 631 բողոք, միայն եղել է ոստիկանների դեմ. քրեակատարողական հիմնարկներից ստացել են 300 բողոք: Թաթոյանի խոսքով՝ ոստիկանության դեմ ուղղված բողոքների մեծ մասը վերաբերում է հիմնականում ամենասկզբնական փուլերին, երբ մարդը փողոցից բերման է ենթարկվում, տարվում է ոստիկանության բաժին:
 
- Այս փուլն է, որ վտանգավոր է անձի նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդման կանխման տեսանկյունից, նաև՝ ազատությունից զրկման,-ասաց նա:
 
Չնայած ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների հիմնական մասը ոստիկանների դեմ է, ըստ Թաթոյանի՝ դա չի նշանակում, որ ամենաշատը մարդու իրավունքները խախտողները ոստիկաններն են.
 
- Այդտեղ ռիսկը շատ ավելին է, որ կխախտվեն մարդու իրավունքները,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
 
Հարցին՝ համակարծի՞ք է այն հայտարարությանը, թե ոստիկանական համակարգը բարեփոխվել է, Արման Թաթոյանը պատասխանեց, որ առաջիկայում ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկումն է լինելու, և այդ ժամանակ մանրամասն կներկայացնեն:
 
Մինչ ՄԻՊ Արման Թաթոյանը խորհրդարանում խոսում էր մարդու իրավունքների ոլորտում արված աշխատանքներից, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կրկին խոչընդոտվել ու հետաձգվել է «Սասնա ծռերից» 14-ի գործով արտագնա դատական նիստը: Դատական կարգադրիչները փորձում էին խուզարկել փաստաբաններին, որի դեմ ընդվզում էին վերջիններս: 
 
Իրավիճակն այնքան լարվեց, որ դատական նիստերի դահլիճում բախում տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների ու ամբաստանյալների միջև։ Ապակեպատ դահլիճից ներս ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը ինչ-որ բան էր խոսում ոստիկանության ծառայողների հետ, որը  վերածվեց բանավեճի։
 
Նրան գրկած հեռացրին նիստերի դահլիճից: Դրանից հետո  տեղի ունեցավ  ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի խոսակցությունն ու վեճը: Նրան ևս հեռացրին նիստերի դահլիճից: Այնուհետ հեռացվեց նաև Մխիթար Ավետիսյանը։ Ամբաստանյալների հարազատները ապակիներից այս կողմ իրենց բողոքը հայտնեցին, որից հետո նրանք ևս հեռացվեցին։ 
 
Միջադեպի վերաբերյալ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն ասաց, որ Սմբատ Բարսեղյանի հետ կապված միջադեպը չի ֆիքսել, սակայն Արեգ Կյուրեղյանի հետ միջադեպի պատճառից լավատեղյակ էր: Արեգ Կյուրեղյանը փորձել է գրություն փոխանցել պաշտպանին,  բայց ուղեկցող գումարտակը խլել է ձեռքից, ինչից էլ սկսվել է միջադեպը։ 
 
- Բացի այդ, ֆիքսենք, որ ամբաստանյալների նկատմամբ բռնություն է կիրառվում, ծեծի ձայներ են գալիս, ամբաստանյալներն այս պահին խոշտանգվում են,- հավելեց Արա Ղարագյոզյանը։ 
 
Զինված խմբի անդամներից զատ, բերման էր ենթարկվել մեկ քաղաքացի՝ Դավիթ Եղիազարյանը, ով նիստին պատրաստվում էր հետևել ապակեպատ դահլիճից: Վերջինս ձեռքով հարվածեց ապակուն, որից հետո նա ևս հեռացվեց դահլիճից։
 
Փաստաբան Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  իր գործընկերներ Ինեսսա Պետրոսյանի, Լուսինե Սահակյանի,  Մուշեղ Շուշանյանի հետ ինքն էլ փորձել են նրան պաշտպանել՝ ասելով, որ նրա պաշտպաններն են.
 
- Սակայն մեր ճանապարհը փակեցին և միայն նրան տեղափոխելուց հետո բացեցին։ Այժմ Լուսինե Սահակյանն ու Մուշեղ Շուշանյանը ոստիկանության բաժնում են՝ բերման ենթարկված քաղաքացուն իրավական օգնություն ցուցաբերելու համար:
 
Փաստաբանները դիմել են նաև այլ քայլերի: Իննեսա Պետրոսյանի, Արայիկ Պապիկյանի և Արա Ղարագյոզյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսամարին ստացված մի շարք հաղորդումների հետքերով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: 
 
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը  նույնպես ձեռքերը ծալած չի նստել: Նա դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ բռնություն կատարելու փաստի  հիման վրա:  ՓՊ նախագահը ՀՀ ոստիկանապետից պահանջել է՝ հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը՝ նշված միջադեպն ուսումնասիրելու և մեղավոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու: