Գետերի թունավորման վտանգ` Վայոց ձորում

ԴԵՄ Է ԱՆԳԱՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Օրեր առաջ  խորհրդարանում  կառավարության ծրագրի քննարկման հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկը Ամուլսար ոսկու հանքի շահագործմանն առնչվող հարց բարձրաձայնեց և վարչապետին հիշեցրեց բնապահպանների մտահոգությունները: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հավաստիացրեց, որ  անպայման բոլոր  բողոքները հաշվի կառնեն: Իսկ այդ հարցն այսօր օրանդիրկարելի է համարել: 
 
Հիշեցնենք՝ ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մի խումբ քաղաքացիներ դիմել են դատարան և պահանջում են հակաօրինական ճանաչել հանքի շահագործումը, որի էկոլոգիական վտանգների մասին բազմիցս խոսվել է: Ըստ բնապահպանների՝ Ամուլսարի ոսկու կորզման ծրագիրը ցանկանում է իրականացնել հանքարդյունահանման ոլորտում ընդհանրապես փորձ չունեցող lydian International օֆշորային ընկերությունը։ Բազմաթիվ փորձագետների կարծիքով Ամուլսարի շահագործման դեպքում վտանգվելու են մեր Հայրենիքի քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարները, Սևանա լիճը, հանքային բուժիչ ջրերով հայտնի Ջերմուկ առողջարանային քաղաքն ու Որոտան-Արփա ջրատար թունելը։ Իսկ Գնդեվազ գյուղը ենթարկվելու է անուղղակի տարհանման, քանի որ գյուղից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա նախատեսվում է տասը տարի շարունակ խիստ թունավոր նատրիումի ցիանիդի միջոցով տարեկան վերամշակել 10 միլիոն տոննա հանքաքար:
 
Պարզվում է, սակայն, որ Ամուլսարի հանքի շահագործումը միայն բնությանը չէ, որ վնաս կհասցնի: 
 
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում բարձրաձայնեց Վայոց ձորի Թեք սարին և հարակից արգելավայրին սպառնացող վտանգների մասին:
 
Նրա խոսքով՝ Եղեգիս,Մալիշկա գետերը և Արփայի մյուս վտակները ծանր մետաղներով թունավորման վտանգի տակ են՝ տեղի հանքավայրերի շահագործման պատճառով: Միության նախագահի տեղեկացմամբ` «Վայք մետալ» ընկերությունը որոշել է հանքավայր շահագործել.
 
- Դա իրականում կապարի և ցինկի հանքաքար է: Շահագործման հետևանքով մի հարվածով ամբողջ ջրային համակարգերն ավիրվելու են:
 
Հակոբ Սանասարյանի դիտարկմամբ՝ ծանր մետաղները կարող են վնաս հասցնել կենդանական և բուսական աշխարհին: Դրա հետևանքով, ըստ նրա,  վնասվում է հողի պտղաբերությունը, ինչպես նաև՝ մարդկանց և կենդանիների առողջությունը. կարող է քաղցկեղ, չբերություն և բազմաթիվ այլ արատներ առաջանալ:
 
Բնապահպանը պատմեց, որ «Վայք մետալ» ընկերությունը նույն հանքավայրը շահագործելու ծրագիրը 2013 թվականին ներկայացրել էր Բնապահպանության նախարարությանը, բայց շահագործման թույլտվություն չէր ստացել:
 
Նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել նաև 2016 թվականին: Բայց ընկերությունը դատի տվեց նախարարությանը և Գլաձորի համայնքապետարանին, որը ևս թույլ  չէր տալիս հանքը շահագործել: Ընկերությունը շահել է դատը և հիմա ցանկանում է շահագործել հանքավայրը:
 
Հակոբ Սանասարյանի հավաստմամբ՝ հանքի շահագործումը չթույլատրելու համար պայքարում են Գլաձորի համայնքի բնակիչները. դրան դեմ է նաև Բնապահպանության նախարարությունը:
 
Ի դեպ. սա առաջին դեպքն է, երբ նախարարություն-հանրային սեկտոր տանդեմը միահամուռ դեմ է այս հանքի շահագործմանը: Հուսանք` պայքարն արդյունք կտա, առավելևս, որ գործադիր մարմնի ղեկավարը խոստացել է լսել շահագրգիռ կողմերին: