Դատական սանկցիա` Շիրխանյանի փաստաբանի նկատմամբ

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ՈՒ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐՆ Ի՞ՆՉ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչակա շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կես ժամ ուշացումով սկսվեց Նորք- Մարաշում ԱԱԾ-ի վնասազերծած զինված խմբի դատական հերթական  նիստը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: Մեղադրվողներից Վահան Շիրխանյանին աթոռով բերեցին դատարան: Երբ դատավորը ներս մտավ, Վ. Շիրխանյանը ոտքի չկանգնեց:
 
- Ինչո՞ւ ձեր  պաշտպանյաը ոտքի չկանգեց,- հանդիմանեց դատավորը
 
-Որովհետեև չի կարող, ի վիճակի չէ,- բացատրեց պաշտպանյալի փաստաբան Հայկ Ալումյանը: 
 
Դատավոր Արմեն Բեկթաշյանը համարեց, որ Վահան Շիրխանյանն անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս.
 
- Դատարանը նախագզուշացնում է` եթե Վահան Շիրխանյանը կրկին խախտի դատական նիստը, ապա կհեռացվի դատական նիստերի դահլիճից: 
 
Հայկ Ալումյանն ասաց, որ իր պաշտպանյալը ֆիզիկական  տառապանքների պետք է ենթարկվի՝ կանգնելու համար:   
 
- Այս ձևով  դատարանն իր հանդեպ հարգանք չի  ապահովում,- նկատեց փաստաբանը: 
 
Դատավորը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին ևս Վահան Շիրխանյանը ոտքի չի կանգնել, և փաստաբան Ալումյանն անգամ  չի էլ ասել, թե ինչու: 
 
- Այսինքն` ձեր պաշտպանյալը չի ուզում, չի կանգնում: Եզրակացության մեջ գրված է` Վահան Շիրխանյանը կարող է ոտքի կանգնել,- հակադարձեց Արմեն Բեկթաշյանը: 
 
Զինված խմբի մեկ այլ մեղադրյալի՝ Վահագն Սալնազարյանի պաշտպան  Մնացական Ղազարյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալին ազատ արձակել գրավի դիմաց, քանի որ մեղադրանքը հիմնավորված չէ: Դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, որ հեռանում է`վճիռ կայացնելու: 15րոպե անց նիստերի դահլիճ վերադառնալով՝ տեղեկացրեց, որ մերժում է փաստաբանի միջնորդությունը:
 
Վահան Շիրխանյանը վճռի հրապարակման ժամանակ էլ ոտքի  չկանգնեց: Դատավոր Բեկթաշյանն արձանագրեց դա ու նախազգուշացրեց, որ հաջորդ անգամ առանց նախազգուշացնելու սանկցիա կկիրառի՝ առանց նախազգուշացնելու:  
 
- Երկրորդ  խմբի  հաշմանդամ կա այստեղ, նա  ոտքի է կանգնում, իսկ դուք` ոչ,- վրդովված նկատեց դատավորը:
 
- Ձեր դատարանը չի՞ հասկանում, որ չեմ կարողանում կանգնել,- պատասխանեց Շիրխանյանը:
 
- Հիմա էլ դատարանին եք վիրավորում,- զայրացավ  դատավորն ու կարգադրեց Շիրխանյանին  երեք ժամով հեռացրել դատարանի դահլիճից:
 
Այդ ընթացքում  զինված խմբի մյուս մեղադրյալ Գառնիկ Մարգարյանը նստած տեղից այդ ամենը որակեց ֆաշիզմ: 
 
Վահան Շիրխանյանին դատական նիստերի դահլիճից երեք ժամով հեռացնելուց հետո հեռացավ նաև նրա փաստաբան Հայկ Ալումյանը: Դատավորը դա համարեց անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ և հայտարարեց, որ սանկցիա պետք է կիրառել փաստաբան  Հայկ Ալումյանի հանդեպ: 
 
- Սանկցիա կիրառելու դիմումն ուղարկել Փաստաբանների պալատ՝ քննարկման, իսկ Վահան Շիրխանյանին համար հանրային պաշտպան ներգրավել,- հրահանգեց Բեկթաշյանը:  
 
Զինված խմբի մեղադրյալ Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանն էլ դատարանին հիշեցրեց  օրենքի բարոյական կողմի մասին.
 
- Էսքան ասում են, ամերիկացիներն  ու եվրոպացիները սեմինարներ են  անցկացնում դատավորների ու իրավապահ համակարգի աշխատողների համար: Բա լավ, ի՞նչ են սովորեցնում: Չէ՞ որ կարող էիք չտեսնելու տալ Վահան Շիրխանյանի չկանգնելու փաստը՝ հաշվի առնելով նրա տարիքն ու  հիվանդությունները:
 
Գիվի Հովհաննիսյանն էլ ասաց, որ  հանրային պաշտպանի կարիք չկա:
 
- Վահան Շիրխանյանը չի հրաժարվում իր փաստաբանից, նա վճարունակ է, ինչո՞ւ պետք է հանրային պաշտպան ներգրավել,- ասաց նա: 
 
Մյուս փաստաբանները ևս միացան իրենց գործընկերոջը: 
 
Դատավորը, սակայն, անդրդվելի մնաց: Դատական նիստը հետաձգվեց երրորդ անգամ: Այն տեղի կունենա հուլիսի 7-ին: 
 
Ի դեպ. ամբաստանյալները դատավորից պահանջեցին մինչև դատական նիստի հետաձգումը գոնե տեսակցությունների թույլատրման հարցը քննարկել, սակայն դատավորն ասաց, թե պաշտպաններից մեկը  բացակայում է՝ չեն կարող: