Իսկ Մոսկվան կհամաձայնի՞

ԱՌԱՅԺՄ՝ ՄԻԱՅՆ ԿԵՆԱՑՆԵՐ

Եթե Կարեն Կարապետյանին՝ որպես ՀՀ վարչապետ և Ռուսաստանի վերնախավի հետ ջերմ հարաբերություններ ունեցող անհատ, հաջողվի  իր մոսկովյան կապերի շնորհիվ գոնե չեզոքացնել ռուսական ազդեցությունը, ապա Հայոց երրորդ հանրապետության պատմության մեջ նա կմնա որպես բացառիկ հայ պաշտոնյա:
 
Կառավարության՝ կյանքի որակը փոխել հավակնող ծրագրում կարևորել են նաև էներգետիկ ոլորտն ու դրա զարգացումը: Խորհրդարանին Էներգետիկ  ոլորտի զարգացման  տեսլականն այսօր այսպես  է  ներկայացրել   ՀՀ կառավարության ղեկավարը.
 
- Մենք ունենք մեծ հավակնություններ էներգետիկ ոլորտում: Նպատակ ունենք ոչ միայն վերազինելու ամբողջ էներգետիկ ենթակառուցվածքը, այլև դառնալու ակտիվ և առանցքային տարածաշրջանային խաղացող: Կառավարությունը իրականացնելու է էներգետիկ շուկայի բարեփոխումների ծրագրեր, որոնք մեծապես կնպաստեն վերականգնվող էներգետիկ հզորությունների ստեղծմանը, համակարգի արդյունավետության և անվտանգության բարձրացմանը և էլեկտրաէներգիայի միջսահմանային առևտրի ծավալների կտրուկ ավելացմանը։ 
Արդյունքում կունենանք ժամանակակից, արդյունավետ, արտահանող և մրցունակ էներգետիկ համակարգ։ Միաժամանակ, էներգետիկ ծառայաթյուններն ավելի որակյալ ենք դարձնելու։ Այս ոլորտի գլխավոր նպատակներից է էներգետիկ շուկայի ազատականացումը:
 
Պատահական զուգադիպություն է, թե ոչ, բայց շուկայի ազատականացման մասին խոսել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Բանն  այն է, որ դեսպանի 8 մլն դոլարի ներդրումների գայթակղիչ խոստումը մեծ արձագանք է գտել ու հույսեր է արթնացրել: Բայց «թախտին նստած» ամերիկյան դոլարներին սպասողներին ԱՄՆ-ի ներկայացուցիչը պարզաբանել  է.
 
- Այդ ներդրումները կարող են իրականացվել այն ժամանակ, երբ էլեկտրաէներգիայի շուկան ամբողջովին ազատ կլինի և հնարավոր կլինի Հայաստանից Վրաստան, Իրան էլեկտրաէներգիա արտահանել: Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը երկու ներդրումային նախագիծ է ներկայացրել. ծրագրերից մեկը վերաբերում է պինդ թափոնների վերամշակման ճանապարհով էներգիայի արտադրությանը: Ամերիկացի ներդրողները քննարկում են այս առաջարկը:
 
Թե ինչ առաջարկի մասին է խոսքը՝ Միլսը փակագծեր չի բացել:
 
Դեսպանը հիշեցրել է, որ ներդրումները կարող են ուղղվել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտ: 
 
Ըստ էության, երկու գործիչներն էլ շատ լավ հասկանում են, որ էներգետիկ շուկայի ազատականացումը նաև որոշակի անկախություն է նշանակում: Հայաստանի պարագայում՝ անկախություն Ռուսաստանից:
 
Եվս մեկ անգամ ցավով հիշեցնենք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի ունեցած «գույք՝ պարտքի դիմաց» տխրահռչակ գործարքով համակարգի ձեռնարկությունները փոխանցվեցին ռուսաստանյան ընկերություններին: Դրանից հետո Հրազդանի ՋԷԿ-ի 4-րդ ու 5-րդ էներգաբլոկները կիսաքրեական պատմություններով հանձնվեցին  ռուսաստանյան ընկերություններին: Իսկ հետո էլ հերթը հասավ ՀԷՑ-ին: Այս չորուցամաք փաստերից հետո տրամաբանական  հարց է առաջանում՝ ի՞նչ եղանակով պետք է լինի ազատականացումը:
 
Եթե  ԱՄՆ-ի դեսպանի «պարտքն» է ընդամենը առաջարկ անել ու սպասել հայկական կողմի առաջարկներին ու գործնական քայլերին, ապա  մեր գործն իրոք դժվար է: Չմոռանանք, որ Հայաստանը փորձ արեց Իրանի հետ ինքնուրույն էներգետիկ քաղաքականություն վարել,  բայց Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան 142 կմ հատվածի տարողունակությունը Ռուսաստանի ազդեցության և 200 մլն դոլարի չափով կատարած ներդրումների արդյունքում երկու անգամ կրճատվեց` կազմելով տարեկան 2,3 մլրդ խոր.մ: 
 
Ռուսաստանից էներգետիկ կախվածությունն ավելի մեծացավ՝  հատկապես հայ-իրանական գազատարի Մեղրի-Քաջարան հատվածը Ռուսաստանին վաճառելու պատճառով, որի մասին 2015 թվականի մարտին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը: Դրանով Հայաստանը կորցրեց ռուսական գազին այլընտրանք հանդիսացող վերջին գազատարը:
 
Սրան էլ եթե հավելենք, որ ՌԴ-ն լավ աչքով չի նայում այլընտրանքային էներգիայի զարգացմանը, ապա ինչպե՞ս կհանդուրժի, որ այդ ոլորտում  Հայաստանը փոքր-ինչ շունչ քաշի: 
 
Այսուհաներձ, ՀՀ-ում կան արևային պանելներ արտադրող ընկերություններ, որոնց արտադրանքի պահանջարկն աստիճանաբար մեծանում է Հայաստանում: Հայ գիտնական Վահան Համազասպյանի հելիոֆիկացիայի ծրագրի մասին անգամ Չիլիում գիտեն ու հետաքրքրված են դրանով, իսկ մեր պատկան ատյանները շարունակում են քար-անտարբերություն պահպանել դրա հանդեպ: