Թանգարան` ադրբեջանահայերի խնդիրների

ՈՐՏԵ՞Ղ Է ԽՈՍՏԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԸ

Անկեղծ ասած՝ անցյալ դարում Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնագաղթածների խնդիրներն այնքան անլուծելի են մնացել, որ արդեն, իսկապես, թանգարանային նմուշներ դառնալու իրավունք ունեն:
 
Ադրբեջանական ԽՍՀ-ից Բաքվի և Սումգայիթի ցեղասպանությունների հետևանքով 660 000 հայեր փախստական են դարձել, սակայն Հայաստանի իշխանությունները մինչ օրս համապատասխան քաղաքականություն չեն իրականացրել՝ նրանց իրավունքները կյանքի կոչելու նպատակով,- այս մասին այսօր հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը: 
 
Բանախոսի խոսքով` տարիներ շարունակ հարցը բարձրաձայնում են, սակայն ապարդյուն. 
 
- Ադրբեջանի հայ փախստականներն ունեն միջազգային իրավունք՝ ապրելու ազատագրված տարածքներում, որոնց միտումնավոր տվեցին «օկուպացված»-ի կարգավիճակ: 
 
Մարիամ Ավագյանը կարծում է, որ «Մադրիդյան սկզբունքները», որոնցով պետք է կարգավորվի Արցախի հարցը, ներառված չեն հայ փախստականների հարցերը, հետևաբար, դրանք պետք է վերանայվեն: Քանի դեռ բանակցային գործընթացում չեն խոսում ադրբեջանահայ փախստականների իրավունքները ճանաչելու մասին, տարածքները մնում են «օկուպացված»: 
 
Անցել է 25 տարի, բայց ադրբեջանահայ փախստականների խնդիրները, ըստ բանախոսի, դեռ չեն լուծվել.
 
- Վարդենիսին հարակից գյուղերում նրանք ծանր վիճակում են ապրում, ոռոգման ջուր չունեն, որովհետև գետերի վրա ՀԷԿ-եր են կառուցել: Բնակարանային հարցն էլ չի լուծվել. շատերը վարձով են ապրում: 
 
Ի դեպ. Մինչ օրս չի իրականացվել այն խոստումը, որ Իրանի հետ սահմանին ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համար քաղաք պետք է կառուցվի:
 
Ասուլիսի մյուս բանախոս, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ և նախկին պատգամավոր Ալեքսան Հակոբյանն առաջարկում է ստեղծել Գարդմանի և Շիրվանի հայության թանգարան, որը կզբաղվի ադրբեջանահայերի խնդիրների ուսումնասիրմամբ, կներկայացնի նրանց մշակութային առանձնահակությունները: Մի քանի անգամ դիմել են կառավարությանը, բայց՝ ապարդյուն: