Ինքնասպանությունները հանգստյան օրերին են լինում. հոգեբան

ԱՊՐԵԼ` ՄԻԱՅՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հանգստից` աշխատանք, աշխատանքից` հանգիստ: Այս անցումները մարդու համար սթրեսային կարող են լինել: Ինչպե՞ս հաղթահարել դրանք, խորհուրդ է  տալիս Հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Պարզվում է` ակտիվ հանգիստը` վոլեյբոլ խաղալ, արշավների գնալ, հանգստի լավ միջոց են: Պարզապես, ըստ մասնագետի, ամեն մարդ ինքն է  ընտրում հանգստի իր տարբերակը:
 
- Մարդիկ իրենց արձակուրդը նախընտրում են ակտիվ կերպով անցկացնել, քանի որ իրենց համար դժվար է ակտիվ աշխատանքային շրջանից դուրս գալուց անմիջապես պասիվի անցնել: 
 
Այն կարծիքը, թե հանգստի լավագույն տարբերակը պասիվ հանգիստն է` տանը նստել, ոչինչ չանել, հոգեբանը չհամաձայնեց: Նրա խոսքով` հանգիստն էլ զբաղմունքի նման մի բան է: Պիտի ինչ-որ հաճելի բանով զբաղվես: Ես, օրինակ, հիշում եմ, որ մայրս արձակուրդի ժամանակ մեզ համար պատմվածքներ էր կարդում: Կամ կարելի է սուրճի բաժակի շուրջ հետաքրքիր թեմաներից խոսել:   
 
Վերջերս Ֆրանսիայում հետաքրքիր ուսումնասիրություն էին արել և պարզել, որ ամենաշատ ինքնասպանությունները հանգստյան օրերին են լինում: Այսինքն, երբ մարդը չգիտի, թե ինչով զբաղվի, ուղեղը լցնում է տարբեր (այդ թվում և վտանգավոր) մտքերով: 
 
Արձակուրդից լիարժեք աշխատանքի անցնելու համար բանախոսը խորհուրդ է տալիս ջազային երաժշտություն լսել: 
 
Ռուբեն Պողոսյանը կարծում է, թե հանգստանալու մշակույթը վերջին 25 տարիների ընթացքում վերացել է, քանի որ մարդիկ ապրում են՝ միայն աշխատելու համար: 
 
Ի դեպ. լրատվամիջոցներից մի քանիսը հայ հանրության շրջանում հարցումներ էին անցկացրել և պարզել, որ սոցիալ-տնտեսական վատ  պայմանների է՛լ ավելի վատթարացման պատճառով ակտիվ հանգստի մեկնողների թիվը քիչ կլինի: