«Աստղային դարպասներով»՝ դեպի աստղագիտական Հայաստան
Գիտնական Մովսես Նաջարյանն ասում է՝ տիեզերքը քարտեզագրված է Հայաստանի գետերի, լեռների, աշխարհագրական վայրերի պատկերներով: Այնպես որ մենք դրանից դուրս ապրել չենք կարող, մնում է, որ ճանաչենք և ինչո՞ւ ոչ՝ նաև ի շահ մեր երկրի բարգավաճման օգտագործենք:
Վերաբացվել է Բյուրականի աստղադիտարանի նախկին մուտքը՝ «աստղային դարպասները»: Նպատակը զբոսաշրջությունը խթանելն է: Սա նաև տուրք է մեծն Վիկտոր Համբարձումյանի հիշատակին, ով ժամանակի այդպիսի բանաստեղծական անուն է տվել աստղադիտարանի «շքամուտքին»: Դեռևս խորհրդային տարիներից գործող հետնամուտքն ըստ էության այնքան էլ գրավիչ ու հարմար չէ, և Բյուրական գնացողների համար այնտեղով աստղադիտարան հասնելը դժվար է:
Իհարկե, զբոսաշրջությունը ցանկացած երկրի համար շատ կարևոր բնագավառ է և եկամուտների հուսալի աղբյուր: Բյուրականի աստղադիտարանը, այո, միշտ էլ օտարերկրացի զբոսաշրջիկների համար հրապուրիչ տեսարժան վայր է եղել: Սակայն չէ՞ որ այն նախ և առաջ գիտական հաստատություն է: Այս պարագայում կարևորն այն է, որ վերաբացման արարողությանը աստղադիտարանի տնօրենը խոսել է նաև միջազգային կապերի ամրապնդման, հասարակության շրջանում աստղադիտարանի դերի բարձրացման, դպրոցական ծրագրերի մեջ այնտեղ պարտադիր այցելություններն ընդգրկելու անհրաժեշտության մասին:
Այսօր արդեն շատ գիտնականներ են ընդունում, որ աշխարհի ամենահին աստղադիտարանը Հայաստանում է, որ Քարահունջը մի քանի հազարամյակով ավելի հին է, քան աշխարհահռչակ Սթոունհենջը: Որոշ ուսումնասիրողներ էլ նկատել են, որ 7-րդ դարում Անանիա Շիրակացին Երկրի գնդաձևության, արևի ու լուսնի պտույտի մասին այնպես է գրում, ասես իր հավանական ընթերցողը դա արդեն գիտի: Հայաստանում տիեզերքի ուսումնասիրության վերաբերյալ այնքան հնավայրեր ու փաստեր կան, որ դրա հիման վրա թերևս զբոսաշրջության մի ամբողջ ուղղություն կարելի է կառուցել՝ հիմնաքար ունենալով Բյուրականի աստղադիտարանն ու նրա երբեմնի փառքը:
Եթե խոսքը գործ դառնա՝ զբոսաշրջիկների համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն, աստղագիտությունն էլ շարունակի զարգանալ, միջազգային կապերով հարստանալ, դպրցականների, ուսանողների հետաքրքրությունների ոլորտ ներթափանցել, դա իսկական տուրք կլինի թե՛ հայ մեծանուն աստղագետ Համբարձումյանի հիշատակին, թե՛ մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: Գիտնական Մովսես Նաջարյանն ասում է՝ տիեզերքը քարտեզագրված է Հայաստանի գետերի, լեռների, աշխարհագրական վայրերի պատկերներով: Այնպես որ մենք դրանից դուրս ապրել չենք կարող, մնում է, որ ճանաչենք և ինչո՞ւ ոչ՝ նաև ի շահ մեր երկրի բարգավաճման օգտագործենք: