Զբաղվե՞լ գյուղատնտեսությամբ, թե՞ ոչ

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՍԱՌԵՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ

ՀՀ կառավարությունը 2018 թվականից սկսելու է գյուղատնտեսական հողատարածքների վրա ցանցերի տեղադրման և ապահովագրության համակարգի ներդրման պիլոտային ծրագրեր: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
 
Նախարարը հավաստիացրեց, որ վարկերի սառեցումը, հետաձգումը և հարկերի, տուրքերի զրոյացումը կամ հետաձգումը հարցի լուծում չէ, դրանով հնարավոր չէ փոխհատուցել կրած ամբողջ վնասը: 
 
Հիշեցնենք` օրեր առաջ  տեղացած ուժեղ կարկուտը վնասել էր Արմավիրի մարզի բերքի ահռելի մասը, որից հետո գյուղացիները փակել էին ճանապարհը:
 
Գյուղատնտեսության ապահովագրության խնդիրն ամեն կարկուտից հետո հրատապ է դառնում, հետո՝ մոռացվում է կամ հետաձգվում: 
 
Այս նկատառումին ի պատասխան՝ ոլորտի պատասխանատուն հավաստիացրեց, որ 2018 թվականից սկսվելու են ցանցերի տեղադրման և ապահովագրության պիլոտային ծրագրերը:
 
Լրագրողներից մեկի հարցը կարծես դուր չեկավ նախարարին.
 
- Ի՞նչ խորհուրդ կտա կառավարությունը գյուղացուն՝ սնանկանա՞լ... 
 
Նախարարական պատասխանը հետևյալն էր. 
 
- Հիմա դուք, որ հարցը էդպես տալիս եք, ի՞նչ պատասխան եք ակնկալում: Ինչի՞ եք ասում՝ սնանկանա: Մյուս տարբերակը՝ չզբաղվել գյուղատնտեսությամբ: 
 
Բայց արժե՞ զբաղվել գյուղատնտեսությամբ, երբ  գյուղացու բերքն ու բարիքը պաշտպանված չէ: 
 
- Գյուղացին  պետք է հաշվարկի իր ռիսկերը. կարկտահարություն, ցրտահարություն, բնական և ոչ բնական աղետներ: Բայց նա կարող է լավ չաշխատել, և բերքը փչանա,- պատասխանում է Ի. Առաքելյանը: 
 
Ամեն դեպքում, ըստ ոլորտի թիվ 1 պաշտոնյայի՝ Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելը ձեռնտու  է: