Առողջ հոգի՝ առողջ մարմնում

«ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ»՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Հայտնի բան է, որ երբ մի գործով բազմաթիվ զբաղվողներ են լինում, բնության օրենքների համաձայն քանակը որակի է վերաճում: Եթե մեր դպրոցականներն սկսեն զանգվածաբար հետաքրքրվել մարզական խաղերով ու սպորտով, հավանաբար նրանց թվից կծնվեն նաև աշխարհի ու օլիմպիական նոր չեմպիոններ: Էլ չասենք, որ փաստացի պատերազմական վիճակում գտնվող ՀՀ-ում ու Արցախում կռվողների ոգին դրա շնորհիվ նույնպես կբարձրանա:     
 
Հայաստանի Հանրապետության և Արցախի դպրոցներում մարտի 10-ից անց են կացվում «Սպորտլանդիա» անունով հայտնի զանգավածային մարզական խաղերը, որոնց առաջին փուլին  մասնակցելու են I-III և IV-VII դասարանների 40 հազ. Աշակերտներ՝ մրցելով 5 մարզաձևերում: «Սպորտլանդիա» մարզական միջոցառման առաջին փուլն անցկացվում է ՀՀ 39 համայնքներում, Երևանի 12 վարչական շրջաններում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: 
Երեք փուլից բաղկացած մրցախաղերը ավարտվելու են I-III դասարանցիների համար՝ մայիսի 11-13-ը, իսկ IV-VII դասարանցիների համար՝ մայիսի 15-ից 17-ը, Երևանում:  Մարզախաղերից զուրկ չեն մնալու նաև VIII-XII դասարանների աշակերտները. նրանց մասնակցությամբ էլ անց է կացվելու «Սպարտակիադա», որի ընթացքում բարձրդասարանցիներն ուժերը չափելու են բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիսի և հնգամարտ մարզաձևերում: Սա էլ մեկնարկելու է ապրիլի 17-ից: 
 
Իրոք շատ օգտակար նախաձեռնություն է, եթե իրականացվի պատշաճ կերպով և արդարամտորեն: Առաջին հերթին նման ընդգրուկումը ենթադրում է բազմաթիվ աշակերտների ֆիզիկական մարզվածություն, ինչպես նաև երեխաների մեջ մրցակցության ոգի է արթնացնում, առաջ անցնելու, հաղթելու ցանկություն բորբոքում: Ու նաև, թերևս, նրանց կոփում է, որպեսզի դիմանան պարտության ցավին ու ձգտեն ավելի զարգացնել սեփական կարողությունները: Այս դրական ազդակների կողքին նախարարությունը լավ կանի նաև ամեն գնով կանխի հնարավոր անարդարացի վերաբերմունքը, երբ որևէ դպրոցի տնօրեն կամ համայնքի ղեկավարության ներկայացուցիչ փորձի իր դպրոցի թիմին չվաստակած հաղթանակ վերագրել: Դպրոցական տարիքում երեխաների մեջ այդպիսի անարդարությունը հատկապես սուր է արձագանք գտնում:   
 
Ռուս արձակագիր Ալեքսանդր Կրոնի «Անքնություն» գրքում մի ուշագրավ դրվագ կա, որտեղ դեպքերի ընթացն առաջին դեմքով պատմող բժիշկ հերոսն ասում է, թե հսկայական ծանրություններ բարձրացնող ծանրորդներով ինքը չի հպարտանում, ծանրություն բարձրացնելու համար մարդը շատ գործիքներ ու սարքեր է ստեղծել, ինքը հպարտանալու բան է տեսնում է, երբ իմանում է, որ իր երկրում մարդիկ զանգվածաբար սպորտով են զբաղվում: