Ռուս գրողը «թրջվելուց» չվախեցավ

Ռուս գրող Էդուարդ Լիմոնովը Արցախ այցելելուց հետո սոցիալական ցանցերում գրել է այդ մասին ու գրավել Ադրբեջանի արտգործնախարարության ուշադրությունը: Բնականաբար՝ նրա անունը հանդիսավորապես տեղ է գտել հանրահայտ «սև ցուցակում»: (տեղեկացրել է «Լենտա» կայքը):

Ուրիշ ինչպե՞ս կարող էր վարվել «միշտ իր խոսքի տեր» Ադրբեջանը, եթե Լիմոնովը, քիչ չէ «առանց Ադրբեջանի թույլտվության» ոտք է դրել Արցախի հողին, դեռ մի բան էլ «Սվոբոդնայա պրեսա»-ում հրապարակված իր հոդվածում կոչ է անում ճանաչել նրա անկախությունը:

- Այնտեղ ընդամենը 160 հազ. մարդ է ապրում, սակայն ի˜նչ որակի: Լեռնային հայերի ոգին ամենամարտականն է: Նրանց մեր գործընկերն ու բարեկամը դարձնենք: Չէ՞ որ նրանցից բացի այնտեղ մենք ոչ ոք չունենք,-նշել է ռուս գրողը:

Լիմոնովի սոցցանցային գրառումներից մեկը ազդարարում է՝ «Լեռնային Ղարաբաղի անկախ Հանրապետությունում էի»: Իսկ մեկ այլ գրառման մեջ իր հայրենակից ռուսներին հիշեցնում է՝ Արցախից այն կողմ քրիստոնեական աշխարհն ավարտվում է, Արցախը սահմանագիծ է: Բազմազգ ու բազմակրոն Ռուսաստանում, որտեղ մուսուլմաններն արդեն սկսել են քրիստոնյաներին բացահայտորեն նեղել, սա թերևս ոմանց սթափեցնի ու հասկացնի, որ «նրանցից (հայերիցս-«Ավանգարդ») բացի այստեղ իրենք ոչ ոք չունեն»: 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի «սև ցուցակին», ապա Լիմոնովը երևի դա իր այցելության բնական հետևանքն է համարել: Չէ՞ որ եթե ասենք անձրև է գալիս, հողը թրջվում է: Սա էլ անձրևի բնական հետևանքն է:

Նույնպիսի բնական հետևանք է նաև այն, որ այս օրերին Ադրբեջանն անընդմեջ հրետակոծում է ՀՀ գյուղերը: Միայն թե` եթե հնարամիտ հայերը հաճախ կարողանում են անձրևի վնասները հնարավորինս պակասեցնել, օգուտները՝ ավելացնել, այս դեպքում անհասկանալի պատճառներով թողնում են, որ միջազգային բոլոր օրենքներով անընդունելի գնդակահեղեղը  մեր բանկավայրերի գլխին թափվի…