«Հալվեի հյութի արտադրությունը հեռանկարային է». նախարար

ԸՆԴԴԵՄ՝ ՎԵՐԱՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ

 
Գյուղացի –գնորդ  ուղիղ վաճառք ապահովելու  համար այսօր  վերաբացվել է Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղմթերքների տոնավաճառը: Սա գյուղացուն հնարավորություն է տալիս  իր քրտինքով  ստեղծած բերքն ու բարիքն անձամբ հանրությանը վաճառել հանրությանը՝ առանց վերավաճառողների:  Վարունգից մինչև հալվեի (ալոե) հյութ: Գրեթե ամեն ինչ կարելի էր գտնել տոնավաճառում, բայց փոքր-ինչ բարձր գներով: Գյուղացիները բացատրում են՝ կարկուտն ու ցուրտն ազդել է բերքի քանակի ու որակի վրա, հետևաբար այս տարի գները բարձր են լինելու: 
 
Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը տոնավաճառում շրջում էր ցուցակը ձեռքին: Պարզվեց՝ գործադիր մարմնի անդամը որոշել է գնումներ անել: Նախարարությունը նախատեսում է բացել նաև Մաշտոցի պողոտային հարակից տարածքում: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ասել է, որ անհրաժեշտության դեպքում գյուղմթերքի տոնավաճառների համար կտրամադրվեն նոր տարածքներ, իսկ Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը կլինի շարունակական:
Լրագրողներին հետաքրքրող հիմնական հարցերը թուրքական և ադրբեջանական գյուղմթերքի ներկրումն է Հայաստան, խաղողի մթերման նվազ ծավալներն ու մթերման գնի նվազումը:  Նախարարը տրամաբանական է համարում խաղողի մթերման գների ավելացումը, մասնավորապես գինու սորտերի համար՝ կապելով դա բերքի սակավության և պահանջարկի ավելացման հետ:  Իգնատի Առաքելյանը կարծում է, որ այս տարի գոնե  խաղողի մթերումը խնդրահարույց չի լինի:
 
Ինչ վերաբերում է Հայաստանում թուրքական ու ադրբեջանական գյուղմթերքի վաճառքին, հարկ է հիշել օրեր առաջ նախարարի այն միտքը, թե եթե մեր շուկան լիբերալ է, ապա թուրքական և ադրբեջանական պտուղ-բանջարեղեն էլ պետք է լինի: Այսօր էլ գործադիր մարմնի անդամն իր աղմկահարույց խոսքը կրկնեց, բայց այսպիսի ձևակերպումով.
- Շուկան ազատ է, ինքն իրեն պետք է կարգավորի, բաց դա չի նշանակում, որ պետք է Հայաստան մտնի ցանկացած որակի, ցանկացած ճանապարհներով ապրանք: 
 
Նախարարին զարմացրել էր, որ 50  դրամանոց վարունգը չի վաճառվում, բայց 200 դրամանոցը վաճառվում է: Պաշտոնյան բարձրաձայն մտորում է՝ արդեն գյուղացին պետք է որոշի, թե որ մեկը մշակի, որը չմշակի: Բայց կարծես թե կողմ է, որ ալոեի հյութի արտադրությունը լինի: Ըստ նրա՝ դա հեռանկարային է: