Ողբերգական վթար՝ քաղաքական հնարավոր հետևանքներով

ԵՂԻ՛Ր ՕՐԵՆՔԻ ՍՏՐՈՒԿԸ

ԱԺ ընտրությունների հաղթանակի բերկրանքն ամբողջությամբ չվայելած՝  Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը սկանդալի կենտրոնում է: Ողբերգական վթարը ճակատագրական դարձավ քաղաքապետի համար: Թվում էր՝ թե պաշտոնյայի «փափկասուն» որդին այլոց նման մազապուրծ կլինի պատժից, բայց դեպքերն այլ հունով ընթացան:
 
Պաշտոնական աղբյուրները  կամաց-կամաց հաստատում են այն տեղեկությունները, որ Արամ Դանիելյանի որդին՝ անչափահաս Ռազմիկ Դանիելյանը, բավական արագ վարելով Հրազդանի քաղաքապետարանի ծառայողական մեքենան՝ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու ու ճողոպրել դեպքի վայրից: Ողբերգական դեպքին անմիջապես հաջորդել են մեզանում արմատավորված՝ ԽԾԲ-ով ու պաշտոնական դիրքով իրական մեղավորին պատժից ազատելու փորձերը:
 
Արամ Դանիելյանին օգնության իր «աջն» է մեկնել նրա  32-ամյա վարորդը՝ պատրաստակամություն հայտնելով «արջի ծառայություն» մատուցել և մեղքն իր վրա վերցնել: Բայց արի ու տես, որ իրապահները  գայթակղությանը չեն տրվել, և Դանիելյանի գործարքը չեն կայացել: Ըստ կանխատեսումների և դեպքերի ընթացքի՝ որդի Դանիելյանը կպատժվի, իսկ հայր Դանիելյանը գուցեև հրաժարական տա: 
Եթե ամեն ինչ ընթանա այս սցենարով, սա հույսեր արթնացնող նախադեպ կլինի: Գոնե մի անգամ հանրությունը՝ տվյալ դեպքում  գոնե վրաերթի ենթարկվածի ընտանիքը, առարկայորեն կզգա, որ օրենքի առաջ բոլոր են հավասար: 
 
Բայց, մյուս կողմից, պակաս մտահոգիչ չէ «շեֆի» համար խարակիրիի պատրաստ վարորդի քայլը: Ամեն գնով հանցագործին պարտակել, նպաստել անպատժելիությանը, ինչը, որպես կանոն՝ միշտ ծնում է նոր հանցագործություններ:  
 
Լավատեղյակ «չար» լեզուներն ասում են, որ  Արամ Դանիելյանի փափկասուն որդուն փրկելու համար իրավապահներն ու  վերադասները  միանգամից լվացին ձեռքերը, քանի որ բոլորի համբերության բաժակը լցվել էր: Ըստ խոսակցությունների՝ առաջին անգամ չէ, որ  անչափահաս «ոսկե» երիտասարդը խելահեղ արագությամբ ու երթևեկության կանոններին չենթարկելով է վարել մեքենան: Ինչքա՞ն կարելի էր աչք փակել: 
 
Չմոռանանք, սակայն, որ նույնիսկ դժբախտ պատահարի «պոչն» ինչ-որ ծայրով քաղաքականության տակ խցկել ցանկացողներ էլ կան: Եվ, ըստ նրանց՝ Արամ Դանիելյանին ասպարեզից հանելը,  հավանաբար, ձեռնտու է իշխանական ինչ-ինչ շրջանակների, որոնք շահարկելով այս ողբերգական դեպքը՝ կարող են նրա պաշտոնանկությանը հասնել՝ ոհմակի «պանյատկեքով»: 
 
Իսկ անկախ այս ամենից՝ այն, որ Հրազդանի քաղաքապետից դժգոհություն կա, փաստեցին քաղաքապետի ընտրությունները, երբ հակառակորդ  թեկնածուն՝ «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը ստացավ 10.000 ձայն, Արամ Դանիելյանը՝ 12.000...