Տաքսու վարորդները դատի են տալու նախարարությանը

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՈւՍՏՆԵՐ ԵՆ ԿՐԵԼ

Տաքսի ծառայությունների  պատշաճ որակի հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է: «Ավանգարդը»  երեկ տեղեկացրել է գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանի բնութագրումները՝ «անթրաշ», «չստիկով», սիգարետը՝ բերանին: Բնութագրումները վրդովեցրել են տաքսիստներին: «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հայտարարությունը չուշացավ:  ՀԿ ղեկավարը նախ զարմացել է, թե ինչու է վերանշանակվել  տրանսպորտի և կապի նախարարը, որը հասակական խորհուրդ չի ստեղծում՝ ոլորտի  խնդիրները քննարկելու համար: Չհապաղեց նաև ՏԿ նախարարության պատասխանը: Պատկան կառույցը հերքեց  ՀԿ ղեկավարի  հայտարարությունը.
 
- Վերոնշյալ ՀԿ-ի ղեկավարը, նախարարությունում ձևավորված տաքսի ծառայությունների ոլորտի բարեփոխումներով զբաղվող աշխատանքային խմբի անդամ լինելով, առ այսօր  որևէ գրավոր առաջարկություն չի ներկայացրել: Դրա փոխարեն նա հանդես է գալիս անօրինական գործունեություն ծավալելու օգտին, ընդ որում՝ շատ լավ գիտակցելով վարորդների համար դրա հետևանքները: 
 
Անդրադառնալով հասարակական խորհրդի վերաբերյալ դարձյալ իրականության հետ կապ չունեցող «փաստարկին»՝ նշենք, որ այդ կառույցը ձևավորվել է 2014թ. մայիսին: Դրան մասնակցելու հնարավորություն ունեն չափորոշիչներին համապատասխանող բոլոր հասարակական միավորումներն ու կազմակերպությունները:
 
2016 թվականին նախարարությունը հասարակական խորհրդին անդամակցելու առաջարկով 3 անգամ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, սակայն վերոնշյալ լիգան երբևէ չի արձագանքել: Ուստի սեփական անգործության համար պետական մարմնին մեղադրելը չի տեղավորվում գրագետ իրավահարաբերությունների և գործակցության շրջանակներում: 
 
Տաքսու ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ ղեկավարն անպատասխան չի թողել նախարարության՝  իր խոսքով «անիմաստ դուրս տալը»: 
 
- Ինձ տաքսու վարորդները լիազորել են, ասել՝ «մենք քո հետ չենք խոսի, չենք աշխատի, եթե դու գնաս, քննարկես լիցենզավորման հարցը»: Սա արդեն 4-5-րդ լիցենզավորման կարգն է, որ նրանք խաբվել են ու վարորդները ֆինանսական կորուստներ են կրել, մինչդեռ GG և Yandex տաքսիները բոլորն անօրինական են աշխատում և հարկ չեն վճարում,- ասաց  հասարակական սեկտորի ներկայացուցիչը: 
 
Ավելին, նրա խոսքով ՏԿ նախարարն իրենց խաբել է: Նա խոսք է տվել ոլորտի խնդիրը քննարկել Սերժ Սարգսյանի ու վարչապետի հետ. 
 
- Այնինչ նա մեզ խաբեց և գաղտնի կերպով 3 վարորդների նկատմամբ դատավարություն սկսեց, և մարդիկ պարտվել են դատում: Մեզ խաբում են, ասում են՝ դիմում տվեք, մեզ տակից խաբում են: Մենք էլ ասում ենք՝ ախպեր, մի ամիս է՝ նստած ենք տանը, որ դու Սերժ Սարգսյանի հետ կքննարկես մեր գոյացած պարտքերի հարցը, բայց դու մեզ թաքուն դատի ես տալիս, բա դու տղամա՞րդ ես: 
 
Տաքսու վարորդներին վրդովեցրել է Կարեն Կարապետյանի որակումները: Այդ ամենն ասում են՝ մարդկանց սիրտը շահելու համար: 
 
Տաքսու վարորդները պատրաստվում են կրկին բողոքի դուրս գալ և հայց ներկայացնել դատարան՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դեմ: