Պայքար` անթրաշ և «չստիկով» տաքսիստների դեմ

ԱՇԽԱՏԵՂԵ'Ր ԱՊԱՀՈՎԵՔ

Տաքսի սպասարկման ոլորտի խնդիրներն ու մատուցման ծառայությունների որակը չի վրիպել կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի աչքից: Այսօր նա կառավարության նիստում բավական կտրուկ որակումներով է անդրադարձել այս խնդրին:
 
Իհարկե, լավ է, որ Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում տաքսի ծառայություների որակյալ սպասարկման խնդիրը, բայց  աշխատատեղերի բացակայության պատճառով է ազգի կեսը տաքսիստ դարձել: Ու եթե հարցն այսքան խիստ է դրվում, ապա մարդկանց աշխատետեղով ապահովելու մասին ևս պետք է խոսվի:
 
ՀՀ վարչապետը հանձնարարել է այս դաշտում վերահսկողությունը խստացնել, հատուկ ուշադրություն դարձնել   տաքսի  ընկերություններին լիցենզիաների տրամադրման գործընթացին:
 
- Ուսումնասիրելով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման ներկայիս իրավիճակը, արձանագրում ենք, որ տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին: Նշված իրավիճակը խիստ մտահոգիչ է՝ հաշվի առնելով այն, որ այդ ծառայությունների սպառողն են հանդիսանում Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ու մեր համաքաղաքացիները: Անհրաժեշտ է ապահովել Երևան-«Զվարթնոց» օդանավակայան երթուղային տրանսպորտ, համատեղ աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ: Կոնկրետ երթուղային գիծ սահմանեք, այլընտրանք ապահովեք, որպեսզի յուրաքանչյուրն ինչ գին ցանկանա՝ չկարողանա սահմանել: Ներդրեք համապատասխան գնացուցակներ: Այս առումով Զբոսաշրջության պետական կոմիտեն բազմաթիվ աշխատանքներ ունի,- ասել է Կարեն Կարապետյանը:
 
Նա հանձնարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ մեկշաբաթյա ժամկետում «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ լիզենզավորման ոլորտում օրինախախտումների, գործունեության դադարեցման ուղղությամբ, քննարկել Երևան-Զվարթնոց գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը: 
 
Հանձնարարական է տրվել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Մեկշաբաթյա ժամկետում ոստիկանությունը  իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ փաստացի առանց լիցենզիայի գործող տաքսի վարորդների կողմից թույլ տրվող իրավախախտումների բացահայտման, կանխարգելման և պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:
 
- «Անթրաշ», «չստիկով», սիգարետը բերանին՝ մարդուն տեղափոխում են Մալաթիա-Սեբաստիայով՝ Երևանյան լիճը ներկայացնելով որպես Սևանա լիճ, տարբեր սակագներ կիրառելով և այլն: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջո՞ւմ ենք, թե վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, ուղևորի հետ ինչպես պետք է իրեն պահի,- ասել է  գործադիր մարմնի ղեկավարը: