Ճշմարտությունը տեսանելի է իրեն փնտրողներին

ԻՍԿԱՊԵՍ ԳՆԱՀԱՏԵԼԻ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ

Մեր շատ խնդիրներ պատուհաս են դառնում հաճախ այն պատճառով, որ դրսում ճշմարտությունը շատերը չգիտեն: Որքան էլ այսօրվա աշխարհում տեղեկություններ ստանալը դարձել է խաղուպար, միևնույն է` սուտը ճշմարտությունից տարբերել քչերն են կարողանում: Իսկ երբ քո մասին ակնհայտ ստեր են հորինում ու աշխարհով մեկ տարածում, դու չպետք է ձեռքերդ ծալած նստես:

Որ այդ հարցում մենք անբավարար ենք գործել` ոչ մի կասկած:
Եթե այսօր կա թեկուզ մեկը, ով չլինելով կաշառված կամ կեղտոտ քաղաքական շահեր հետապնդող՝ մտածում է, թե Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի, դրանում մենք նրանից պակաս մեղավոր չենք: Այս տեսանկյունից շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել երբեմնի մեր «միութենակից» երկրում՝ Լիտվայում:

ՀՀ դեսպանությունը Վիլնյուսի քաղաքային սրահումում կազմակերպել է շատ ուշագրավ մի ցուցահանդես, որտեղ ներկայացվում է պատմական Հայաստանի վերաբերյալ 51 քարտեզ: Բացման արարողությանը ներկա են եղել Լիտվայի մշակույթի նախարարը, պատգամավորներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ և իհարկե՝ այնտեղ բնակվող հայեր: 

ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկաներին դիմել է հետևյալ խոսքերով.

- Քարտեզները ներկայացնում են նաև քաղաքական իրողություն: Մենք տարածաշրջանային պահանջներ չենք ներկայացնում, մյուս կողմից չենք կարող մեր պատմությունը հանձնել նրանց, ում անունն անգամ գոյություն չուներ ընդամենը 100 տարի առաջ:

Նա նշել է, որ քարոզչության փոխարեն սրահում ցուցադրվում են համաշխարհային պատմության ընթացքում օտար քարտեզագիրների ներկայացրած պատմական փաստերը, որովհետև «ճշմարտությունը միշտ էլ տեսանելի է նրանց համար, ովքեր այն փնտրում են՝ անկախ ժամանակից և տարածությունից»:

Այս հանդիպումն առավել ուշագրավ է դարձնում հին քարտեզները հավաքելու գործում անգնահատելի երախտիք ունեցող Ռուբեն Գալիչյանի ներկայությունը: Թերևս քչերը գիտեն, որ մեր հայտնի ու անհայտ թշնամիներն ամբողջ աշխարհի գրադարաններում փնտրում-գտնում են հայերի հնագույն պատմությանը վերաբերող անհերքելի փաստեր պարունակող աղբյուրները և ամեն գնով փորձում են ոչնչնացնել: Գալիչյանն այն նվիրյալն է, ով կարողացել է բազմաթիվ նմուշներ փրկել ոչնչացումից ու մոռացումից: Իսկ մեր արտգործնախարության կառույցների միջոցով դրանք աշխարհին ներկայացնելը, կարելի է ասել, ամենաարդյունավետ ձևն է:

Քանր որ այս օրերին հայությանը հուզող առաջին խնդիրը Արցախին է վերաբերում, Ռ. Գալիչյանը անդրադարձել է Ֆրա Մաուրոյի՝ 1460թ. թվագրվող քարտեզին և ներկաների ուշադրությունը հրավիրել  Կիլիկիայից Ղարաբաղ ձգվող հատվածում Հայաստան անվան հիշատակումներին: Նա ասել է, որ այդ ժամանակ արդեն եվրոպական քարտեզի վրա հիշատակվել է Ղարաբաղ անունը:

Մինչև հունիսի 30-ը Վիլնյուսի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ ցուցահանդեսի նմուշներին, իրենց համար որոշել ճշմարտության ու ստի սահմանագիծը: Այդպիսի ցանկություն գուցե քչերն ունենան, սակայն եթե մարդիկ ձգտում են իրենց կյանքն ապրել խաղաղության պայմաններում, պետք է իրենք էլ նպաստեն, որ հաղթանակողը արդարությունը լինի: