Անթույլատրելի կամայականություն

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անձնական ցուցումով News.am լրատվական գործակալության թղթակցին չեն հավատարմագրել՝ խոչընդոտելով լուսաբանել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկու խաղերը: Շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ իրենց ընդվզում են արտահայտել՝ նման կամայականության վերաբերյալ:
 
 
 
 
     
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2017, 6 հունիսի, Երևան
 
News.am ինֆորմացիոն գործակալության մարզական բաժնի թղթակից Վերա Մարտիրոսյանին մերժել են ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ս.թ. հունիսի 4-ի և 10-ի խաղերի լուսաբանման հավատարմագրումը։ Ի պատասխան հավատարմագրման մերժման պատճառի մասին լրագրողի հարցմանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության ղեկավար Հայկ Կարապետյանը հայտնել է, որ դա արվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անձնական ցուցումով։ Կարելի է ենթադրել, որ Ֆեդերացիայի նախագահին ինչ-որ կերպ դուր չի եկել, թե Վերա Մարտիրոսյանն ինչպես է գրում հայկական ֆուտբոլի մասին։
 
Մինչդեռ Վերա Մարտիրոսյանն արդեն երկար տարիներ աշխատում է մարզական լրագրության ոլորտում, և նրա հրապարակումներն աչքի են ընկնում լուսաբանվող թեմայի հանդեպ ստեղծագործական և պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Մասնավորապես, 2015 թվականին Վերա Մարտիրոսյանն արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին՝ «մարզաշխարհի հանդեպ թարմ հայացքի և բազմակողմանի մոտեցման համար»։ Նրա հավատարմագրումը մերժելով՝ ՀՖՖ-ն News.am-ի բազմահազարանոց լսարանին զրկել է ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերի մասին լրագրողի նոր և հետաքրքիր հրապարակումներից։
 
Քանի որ սա այսօրինակ առաջին դեպքը չէ, մենք հայտարարում ենք, որ անձնական վերաբերմունքի հիման վրա հավատարմագրման մերժումն անթույլատրելի է, և պահանջում ենք հետագայում բացառել այն պրակտիկան, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը նման ձևով սահմանափակում է լրագրողի գործունեությունը։
 
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ 
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ 
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ