Ֆիրդուսցիների բնակարանների խնդիրը կլուծվի

ՄԻՆՉԵՎ ՉԲՈՂՈՔԵՆ` ԻՐԱՐ ՉԵՆ ԳԱ

Քաղաքացիներն ինչո՞ւ պետք է ստիպվեն հետամուտ լինել պետության առաջին դեմքին ու «փակել» նրա ճանապարհը, երբ նրանց անհանգստացնող խնդիրների լուծման համար հազար ու մի մեծ և փոքր պաշտոնյաներ կան՝ իրենց տեղակալներով, խորհրդականներով և չգիտես, թե է՛լ ինչ բազմանուն հաստիքներով: Մի՞թե այնքան կարծրամիտ են նրանք, որ չեն գիտացում՝ պաշտոնն ու հաստիքը տրվում են՝ նաև աշխատելու համար:
 
Արդեն 10 տարուց ավելի է՝ Երևան քաղաքի մի շարք բնակիչներ, դռնեդուռ ընկած, պահանջում են իրենց բնակարանները: Խոսքը մայրաքաղաքի 33-րդ թաղամասի մասին է: Այն ընդգրկում է Հանրապետություն, Տիգրան Մեծ, Խանջյան, Ֆիրդուսի փողոցները: Այդ հատվածը ճանաչվել է «գերակա շահ», որտեղ City center development ըներությունը պետք է լայնածավալ նախագիծ իրականացներ։ 33-րդ թաղամասում բնակվող 188 ընտանիքներից 82-ը լրիվ փոխհատուցում էր ստացել՝ բնակարաններ «Գլենդել Հիլզ» ընկերության կառուցած շենքերում: Նրանցից 21-ը մասնակի փոխհատուցում է ստացել, իսկ մնացածը փոխհատուցում չեն ստացել ու մինչ օրս բնակվում են վարձով: 
 
Նրանք երեկ  կառավարական ամառանոցի դարպասների մոտ «դարանակալել» են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ և անձամբ նրանից պահանջել՝ կամ փոխհատուցման գումարները տալ, կամ իրենց ապահովել բնակարաններով: Սերժ Սարգսյանը խոստացել էր խնդրին լուծում տալ, թեև բնակիչները լավատես չէին: 
 
Այսօր ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հանդիպել է բնակիչների հետ և խոստացել` խնդիրը մեկ ամսում լուծել: Նրա խոսքով` Ֆիրդուսի փողոցում և Գլխավոր պողոտայում 2015 թվականի հոկտեմբերին առկա էին 154 ժամկետանց պայմանագրեր, որոնցով առկա պարտավորությունները կազմում էին 13.440 քմ բնակարանների հատկացում՝ Երևանի գինու գործարանին հարող և Ֆիրդուսի թաղամասերում կառուցվելիք շենքերից: 154 շահառուներից այսօր առկա են 20 չբավարարված շահառուներ, ովքեր դժգոհ են առաջարկվող շենքերի տեղակայման վայրերից, բնակարանների վերանորոգման վիճակից և հետագայում հատկացվելիք շենքերում գործող սպասարկման վճարներից՝ պահանջելով գումարային փոխհատուցումներ:
 
Հովհաննես Հովսեփյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահից հանձնարարություն է ստացել՝ ամենօրյա ռեժիմով վերահսկել, որպեսզի կառավարության համապատասխան գերատեսչություններն օր առաջ ավարտեն իրենց պարտավորությունների կատարումն այս ծրագրի ավարտման ուղղությամբ: Նա վստահություն է հայտնել և հավաստիացրել, որ քաղաքացիների բարձրացրած հարցերը մեկ ամսվա ընթացքում լուծում կստանան:
 
Դրական է, իհարկե, որ երկրի ղեկավարն անմիջապես արձագանքել է խնդրին, բայց տպավորությունն այն է, որ Հայաստանում հարցերը լուծվում են միայն ճանապահ փակելով, բողոքի ակցիաներով: 
Քաղաքացիներն ինչո՞ւ պետք է ստիպվեն հետամուտ լինել պետության առաջին դեմքին ու «փակել» նրա ճանապարհը, երբ նրանց անհանգստացնող խնդիրների լուծման համար հազար ու մի մեծ և փոքր պաշտոնյաներ կան՝ իրենց տեղակալներով, խորհրդականներով և չգիտես, թե է՛լ ինչ բազմանուն հաստիքներով: 
 
Հուսանք` պատկան մարմինները այսուհետ տեղից ժամանակին կարձագանքեն խնդիրներին, կգիտակցեն,որ ժամանակը չի հարմարվում իրենց կարծրացած մտքի տեղավազքին, և հանցավոր անգործությամբ հարկատուներին չեն մղի՝ ծայրահեղ միջոցների դիմել:   
 
Ի դեպ, նման վաղեմության խնդիրներ գրեթե ամեն հինգշաբթի  կարելի է լսել և տեսնել Կառավարության շենքի առջև: Գուցե դրանց լուծումներն էլ կարճ ժամանակահատվածում գտնվեն: