Զբոսաշրջիկին գրավող ի՞նչ ունենք

Մեր համապատասխան կառույցներն ու կազմակերպությունները պետք է կարողանան ճիշտ աշխատել, որպեսզի զբոսաշրջիկին արժանի հանգստով ու տեղեկություններով ապահովեն, իսկ երկրի բյուջեն ու վարկանիշը՝ հարստացնող ներդրումներով:
 
Իսրայելի զբոսաշրջային ընկերություններից մեկի փոխնախագահը հայտարարել է, թե Հայաստանում իրենց զբոսաշրջիկներին գործնականում ամեն ինչ է հրապուրում: «Դորան թրավել» կազմակերպության ղեկավար Շլոմի Շալամն այդ մասին խոսել է հայ և իսրայելցի զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որից մանրամասներ է ներկայացրել «novostink.ru» կայքը:
 
Ընկերությունն արդեն 13 տարի Հայաստան և Վրաստան զբոսաշրջային այցեր է կազմակերպում: Հայաստանում, Շալամի խոսքերով, ամեն զբոսաշրջիկ իր ճաշակով որևէ բան գտնում է: 
 
- Ձեր կերակուրը համեղ է, այստեղ և՛ խաղատներ կան, և՛ ընտանեկան հանգստի հիանալի վայրեր, և՛ մշակութային հուշարձաններ, ու նաև շատ այլ բաներ: Ճիշտ է՝ մաքուր հատուկ սնունդ (նկատի ունի հրեական օրենքներով ընդունելի-«Ավանգարդ») այստեղ չկա, սակայն հյուրանոցներում և ռեստորաններում միշտ պատրաստ են հյուրերի պատվերով պատրաստել: Բավական է միայն ակնարկել, թե մենք խոզի միս չենք ուզում,-ասել է նա: 
 
ՀՀ վիճակագրության ծառայության տվյալներն էլ են փաստում, որ այս տարի զգալիորեն մեծացել է զբոսաշրջիկների մուտքը Հայաստան, թեև տարեշրջանն ըստ էության նոր է սկսվում: 
 
Զբոսաշրջիկներն  Իսրայել գնում են՝ հիմնականում սրբավայրեր այցելելու նպատակով: Աշխարհը, սակայն, այնքան էլ տեղյակ չէ, որ Հայաստանում, համեղ սննդից ու եկեղեցիներից բացի, սրբազան վայրեր նույնպես կան: Վերջին տարիներին հանգիստը տնից ու սեփական երկրից դուրս անցկացնելու հակված մարդիկ կարծես սկսում են Հայաստանի եզակի գրավչությունը գիտակցել և հայացքները մեր կողմն են ուղղում:
 
Մնում է, որ մեր համապատասխան կառույցներն ու կազմակերպությունները կարողանան ճիշտ աշխատել, որպեսզի հնարավորություն ունենան զբոսաշրջիկին արժանի հանգստով ու տեղեկություններով ապահովել, իսկ երկրի բյուջեն ու վարկանիշը՝ հարստացնող ներդրումներով: