Միջազգային գրական մրցանակ՝ Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
«ԹՈՂ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԽՈՍՔՆ ԱՄՈՔԻ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՐՆԱԾՈՐ ՍԻՐՏԸ»
Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնության Սերբական Հանրապետության մայրաքաղաք Բանյա Լուկայում օրերս անցկացված պոեզիայի միջազգային 10-րդ փառատոնի «Բաց գիրք» հեղինակավոր մրցանակը շնորհվել է մեր հայրենակցին՝ բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի գործիչ Բաբկեն Սիմոնյանին՝ նրա գրական վաստակի և գրական-թարգմանական գործունեության 50-ամյակի առթիվ:
Գրական այդ հեղինակավոր մրցանակը նրան է հանձնել Սերբական Հանրապետության գրողների միության նախագահ, ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ Պրեդրագ Բյելոշևիչը: Սիմոնյանի անցած գրական ուղու մասին խոսել է սերբ անվանի բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ և սցենարիստ Զորան Կոստիչը:
Մրցանակը ստանալուց հետո Բաբկեն Սիմոնյանն ընթերցել է իր ստեղծագործություններից մի քանիսը, այնուհետև բանաստեղծական ուղերձով դիմել փառատոնին մասնակից բանաստեղծներին՝ կոչ անելով գրավոր խոսքի միջոցով ընդդիմանալ ազգամիջյան թշմնամանքներին, պատերազմներին ու բռնություններին, պահպանել ազգային դիմագիծը, պատմական հիշողությունն ու արժանապատվությունը և կամուրջ դառնալ տարբեր ժողովուրդների գրականությունների ու մշակույթների միջև:
Նրա ուղերձում ասվում է.
«Հոկտեմբերյան այս գեղեցիկ օրը Բանյա Լուկայում գրողների ամենամյա 10-րդ հանդիպման առիթով սիրով ուզում եմ ներկայացնել խոհերս: Ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ: Ուրախության հետ միաժամանակ մտահոգ եմ աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակով, երբ աշխարհը կրկին վերաձևվում է, երբ ոտնահարվում են մարդու իրավունքները, և շարունակվում են պատերազմները, բռնություններն ու արյունահեղությունները: Այս բախտորոշ ժամանակներում մեզ՝ գրողներիս է տրված ամենամեծ ու կարևոր առաքելությունը և ծանր բեռը՝ ընդդիմանալ չարին, ջերմությամբ լցնել մարդկանց խոցված ու խաթարված հոգիները, խոսքի ուժով կանխել թշնամանքն ու հակամարտությունները:
Հայերը և սերբերը լավ գիտեն զոհողությամբ պաշտպանելու իրենց արժանապատվությունը, ինքնությունը, հայրենի հողը: Մենք լավ գիտենք ինչ ասել է Եկեղեցի՝ առանց որմերի ու լռած զանգի, լավ ենք հասկանում հայրենի օջախը և տունը կորցրած մարդկանց անափ ցավը: Գրողը, սակայն, նահանջելու իրավունք չունի, քանզի Բարձրյալից շնորհված՝ սեր ու բարություն սերմանելու, խաղաղասիրություն քարոզելու մեծ առաքելություն է տրված նրան:
Գրողը ոչ միայն իր ժողովրդի, այլև ժամանակի խոսնակն է: Նրան է տրված իր ուսերին կրելու աշխարհի հոգսը, ուղղամտորեն ու շիտակ ներկայացնելու իրականությունը և ճշմարտությունը: Բոլոր ժամանակներում, երբ հայրենիքը վտանգված է եղել, մեր ժողովրդին սատարել են ազգընտիր գրողներն ու մտավորականները, որոնք իրենց խոսքով ու գրչով հույս ու լավատեսություն են սփռել: Շատ հայ գրողներ իրենց հայենասիրական տողերով բազում սերունդներ են կրթել ու դաստիարակել ազգային ոգով՝ Միքայել Նալբանդյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ, Սիլվա Կապուտիկյան, Համո Սահյան… Անունների այս շարքը անընդհատ կարելի է համալրել…
Ես քաջատեղյակ եմ նաև սերբական գրականությանը, պատմությանը և տառապանքներին, որոնք ինձ հիշեցնում են հայ ժողովրդի արյունալի պատմությունը և դառը ճակատագիրը: Գիտեմ, որ դարեր շարունակ սերբական հողը բզկտվել ու վերաձևվել է, իսկ սերբերը կյանքի ու մահու կռիվ են տվել այլալեզու բարբարոսների դեմ՝ պաշտպանելու սրբություն-սրբոց հայրենիքը: Այդ ամենը հստակ արտացոլված է սերբ անվանի շատ գրողների ստեղծագործություններում: Հիշենք Պետար Պետրովիչ Նեգոշի, Միլան Ռակիչի, Յովան Դուչիչի, Ալեքսա Շանտիչի, Պետար Կոչիչի, Դեսանկա Մաքսիմովիչի և այլոց հայրենասիրական տողերը… Ասել է թե՝ գրողն է աշխարհի ամենաանհանգիստ սիրտը: Նրան է բաժին հասել մեր խոցված մոլորակի արնածոր սիրտն ամոքելու առաքելությունը: Եվ դրա համար գրողն իր ստեղծագործություններով վավերացնում է ժամանակը, խաղաղություն քարոզում աշխարհին ու մարդկությանը: Բանաստեղծները կամուրջներ են ժողովուրդների և գրականությունների միջև: Նրանք իրենց ստեղծագործություններով նպաստում են խաղաղ ու գեղեցիկ աշխարհ կերտելուն:
Պոեզիայի այս գեղեցիկ տոնին եղբայրաբար ցանկացա, որ բանաստեղծական ուղերձս նաև ձեր անունից լինի, և բոլորիս սիրո ու բանականության ձայնը Բանյա Լուկայից հասնի նրանց, ովքեր նախանշում են մեր ճակատագրերը: Ուստի կոչ եմ անում գրավոր խոսքի միջոցով պահպանել ազգային դիմագիծը, պատմական հիշողությունը, ինքնությունն ու արժանապատվությունը: Թող բանաստեղծական խոսքն ամոքի մոլորակի արնածոր սիրտը»:
Բաբկեն Սիմոնյանի ուղերձը լայն արձագանք է գտել փառատոնին մասնակից գրողների կողմից և տարածվել սերբական զանգվածային լրատվամիջոցներում:





