Կալանավորելուց առաջ փորձի՛ր նախ մարդու խնդիրները լուծել
Համարյա 17 մլն բնակչություն ունեցող Նիդերլանդներում գործազուրկ են դառնում… քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները: Պատճառը հանցավորության պակասն է: Երկրում այնքան քիչ են կալանավորման վճիռներ կայացվում, որ արդարադատության նախարարությունը հայտարարել է՝ 8 բանտ փակվում է, քանի որ բանտերում մի շարք բանտախցիկներ դատարկ են մնում: Սրա պատճառով 1200 աշխատատեղ կկրճատվի:
Այս լուրը հաղորդելով՝ հոլանդացիները ոչ թե տխրել են աշխատանքից զրկվող 1200 քաղաքացու համար, այլ ուրախացել, որ նրանց աշխատանքի կարիքն այլևս չունեն: Իսկ դրա համար իրենք շատ բան են արել: Բանտերից մեկի փոխտնօրեն Յան Ռուլոֆ վան Սպոլը սրա վերաբերյալ ասել է.
- Եթե ինչ-որ մեկը թմրակախվածություն ունի, մենք օգնում ենք, որ հաղթահարի: Եթե մեկը ագրեսիայի բռնկումներ է ունենում, մենք հատուկ թերապիա ենք առաջարկում: Եթե մարդը ֆինանսական բարդ իրավիճակում է հայտնվել, մենք նրան համապատասխան խորհրդատվություն ենք տրամադրում: 10 տարվա ընթացքում մեծ հաջողությունների ենք հասել և շարունակում ենք նույն ոգով:
Սա հենց այն դրական փորձն է, որը արժե, որ բոլորը փոխ առնեն: Չէ՞ որ այսօր երկրների մեծ մասում կարծես հանցագործների բուծման փորձարաններ են գործում՝ կալանավայրերն օրեցօր հագեցնելով ձախողված մարդկանցով: Ու ամենավատն այն է, որ հանցագործ են դառնում հենց դատաիրավական համակարգի աշխատողները՝ կաշառքի կամ այլ տեսակի շահի դիմաց սխալ դատավճիռներ կայացնելով կամ մարդկանց վրա, հայավարի ասած, գործ սարքելով:
Ցավոք՝ մեր հայրենի երկիրն էլ դրանից զերծ չէ, դրա համար էլ լավ կլիներ՝ Նիդերլանդների փորձն ուսումնասիրեինք: