Որոշ չինովնիկների աշխատավարձը կբարձրանա

Ի ՀԵՃՈՒԿՍ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ

 
Պարզվում է` առաջիկայում  որոշ չինովնիկների աշխատավարձը կբարձրանա:  Կառավարության խնդրահարույց նախագիծն այսօր քննարկվեց  ԱԺ-ի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական  հանձնաժողովում: Նախագիծը խնդրահարույց է, քանի որ կառավարության աշխատակազմի, ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարների աշխատավարձերը հավասարեցվում են նախարարի աշխատավարձին: Բացի վերոնշյալ պաշտոնյաներից` պետք է բարձրանա նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի, տեղակալների, խորհրդականների, օգնականների աշխատավարձը: 
 
Զարմանալին այն է , որ կառավարությունը որդեգրել է գոտիները ձգելու ռեժիմը, մինչդեռ հիմա  հակառակն է արվում: Մյուս կողմից` այս նախագծով ստացվում է, որ պատգամավորներն ավելի ցածր կարգավիճակում են, քան իրենց աշխատակազմի ղեկավարը, քանի որ ավելի ցածր են վարձատրվելու:
 
Օրինագծի խնդրահարույց լինելը հենց իշխանության ներկայացուցիչներ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ու դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը: Ավելին` ՀՀԿ-ական պատգամավորը հորդորեց  այն ընդունել վեց ամսով, որից հետո նորից անդրադառնալ դրան:
 
Նախագիծն օրենսդիր մարմնին ներկայացրած Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն այսպես է հիմնավորում. 
 
-ԱԺ աշխատակազմի ղեկավարի գործակիցն այսօր 10 է, բայց բարձրացնում ենք 12-ի, որ գործադիրի ու օրենսդիրի աշխատակազմերի ղեկավարները ստանան նույն աշխատավարձը: Բացի այդ, Սահմանադրությամբ գործադիրը որոշում է, թե իր քաղաքականությունը ինչ մարմինների միջոցով անի: Գործադիրը կարծում է, որ այսօր իր առաջնահերթությունները հնարավոր է իրականացնել նշված 18 նախարարությունների միջոցով, և կարելի է կրճատել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաստիքը:  
 
Հետաքրքիր էր «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կեցվածքը: Նա չմասնակցեց քվեարկությանը, իր դիրքորոշումը քվեարկությամբ չարտահայտեց, ինչը մեծապես զարմացրեց անգամ ներկաներին: