Մարդկությանը ջրհեղեղից փրկողը նա՞վ է եղել, թե՞…

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՐԱՆ՝ ԱՀԱ ԹԵ ԻՆՉ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

Մենք մեզ հարց չե՞նք տալիս՝ ի՞նչ են գտել վայրի ու քաղաքակիրթ բազմաթիվ ազգեր ու ցեղեր մեր քարքարոտ հողում, որն ամեն կերպ ձգտում են ձեռք գցել: Երկրագնդում, ի՞նչ է, ավելի արժեքավոր տարածքներ չկա՞ն: Փրկության օրրան՝ ահա թե ինչ է Հայաստանը:

Հազարավոր տարիներ մարդկությունը որոնում է մեծ ջրհեղեղից Նոյին փրկած տապանի բեկորները ու այդպես էլ չի գտնում: Աստվածաշնչյան Արարատի գագաթին մարդկության փրկության՝ բավական ճշգրիտ նկարագրված տապանը շատերն են փնտրել: Նրանցից ոմանք հետագայում հայտարարել են, թե գտել են ու ինչ-որ ապացույցներ են ներկայացրել կամ պատմություններ պատմել: Շատ ավելի հավաստիանման լուրեր հայտնվեցին հատկապես օդագնացության զարգացմանը զուգընթաց: Իր սրբազան գագաթին մարդու ոտք չհանդուրժող Մասիսը ավելի հեշտ է օդից ուսումնասիրել: Հիշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին ընդհանրապես արգելում է Մասյաց գագաթը բարձրանալ, իսկ նրանք, ովքեր երբևէ հասել են այդ բարձունքին ու բարեհաջող իջել, վկայել են, որ այնտեղ իրենց տագնապի մի անիմանալի զգացում է համակել:

Նոյի տապանի ամենավերջին «հայտնաբերողը» չինացի գիտնականներն են: Նրանք հայտարարել են, թե Արարատի գագաթին հայտնաբերել են 20 սմ լայնությամբ մի յուրօրինակ փայտի կտոր: Այն գտնվել է սառույցների ու հրաբխային կազմավորումների շերտի տակ և գնահատվում է համարյա 7000 տարեկան: Չինացի գիտնականների գտածը Նոյի տապանից բեկոր է, թե ոչ՝ դեռ երկար ժամանակ կասկածի առարկա կլինի:

Հայտնի է, որ Էջմիածնում պահվում է մի մասունք, որը համարվում է բեկոր՝ տապանից: Վերջինս գտնելու մասին բազմաթիվ տեղեկություններ են շրջանառվում, սակայն դրանց թվում չկա մեկը, որը հավաստի ու աներկբա ցույց տա, թե մարդիկ այս-այս չափսերի նավ կառուցեցին և դրանով ափ դուրս եկան Մասիսի լանջերին: Նույնիսկ խոսվում է այն մասին, թե տապանը շատերն են տեսնում, սակայն նրան մոտենալ չեն կարողանում, որովհետև… գտնվում է զուգահեռ իրականության մեջ, և այնտեղ մուտք գործել մարդը չի կարողանում:

Մեկ ուրիշ տեսակետ էլ պնդում է, թե ոչ մի տապան էլ չի կառուցվել, մանավանդ՝ հենց Արարատ լեռան վրա կանգ չի առել: Չէ՞ որ Աստվածաշնչում ասված է՝ տապանն իջավ Արարատյան լեռների վրա՝ «ի լերինս Արարատեան»: Որոշ գիտնականներ համարում են, որ մարդկության փրկության նավը ամբողջ Հայկական լեռնաշխարհն է եղել՝ իր հազվագյուտ եղանակային պայմաններով, բարձր դիրքով, կենդանական ու բուսական աշխարհի հազվագյուտ բազմազանությամբ, բազմաթիվ քարանձավների ընձեռած հնարավորություններից օգտվել կարողացող բնակչությամբ, այլ գործոններով: Իսկ Արարատը շատերը կոչում են մոլորակի պորտը, որտեղից, հենց նույն Աստվածաշնչի վկայությամբ, մարդկությունը սկիզբ է առել առնվազն երկու անգամ: Հիշենք՝ Ադամի և Եվայի բնակավայր դրախտը նույնպես այստեղ է տեղադրվել:

Դուրս է գալիս՝մարդկությանն սպառնացող աղետներից (ամենատարբեր բնույթի՝ բանական, տեխնածին, այլասերող) փրկվելու ամենահարմար վայրն Արարատյան լեռներն են: Մարդիկ համարյա ամեն օր են խոսում աշխարհի վերջի մասին, վախենում զգուշանում, սոսկումով սպասում: Ու քանի դեռ աղետը վրա չի հասել, փորձում են ամեն անգամ մեռած մոլորակի հետ նոր կյանք առնող նրա բնիկներին այնտեղից քշել, որպեսզի փրկվողն իրենք լինեն:

Միայն թե երևի բոլորովին չեն պատկերացնում, որ աղետից հետո ապաքինվող բնությանն ու քաղաքակրթությանը միայն հայի շինարար ձեռքն ու ստեղծագործ միտքը կարող են նոր կյանք հաղորդել: Ու հենց այդ նպատակով է, որ հային են բաժին հասել Երկրագնդի պորտին հարող այդ քարքարոտ ու լեռնային տարածքները: