Գույքահարկը Երևանի թանկարժեք հատվածներին «էժան» գներով տիրանալու ծրագիր է. տնտեսագետ

Հրայր Կամենդատյանը հաշվել է, թե 2026թ–ին Երևանում որքան կկազմի այս կամ այն արժեքով անշարժ գույքի գույքահարկը, և դրա արդյունքում որքանով կավելանա համայնքային բյուջեն։
 
Գույքահարկի թանկացումը իշխանության մակարդակով վարվող սոցիալական անարդարության ծրագիր է՝ ուղղված հատկապես մայրաքաղաքի սոցիալապես անապահով խավերի դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։
 
Գույքահարկի թանկացումը ՀՀ-ում սկսվել է 2021թ-ից։ Շեշտակի թանկացումից խուսափելու համար սահմանվել է ավելի բարձր դրույքաչափերի անցնելու 6-ամյա ժամանակացույց. 2021 թվականի դեկտեմբերին գույքահարկի համար կիրառվել է 25 տոկոս գանձում, 2022-ին՝ 30 տոկոս, 2023-ին՝ 35, 2024-ին՝ 50 տոկոսը, 2025-ին՝ 75 տոկոսը, և 2026-ին գույքահարկը կգանձվի արդեն 100 տոկոսի չափով։ Այլ կերպ ասած՝ առաջիկա 2 տարում գույքահարկը 2024թ-ի համեմատ ևս 50 տոկոսով կթանկանա՝ տարեկան 25 տոկոսով։
 
- Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ բնակչության 32-33 տոկոսը աղքատ է, և աղքատներ ու միայնակ ծերեր բնակվում են նաև Երևանի կենտրոնում։ 35-45 հազար դրամ թոշակ ստացող քաղաքացին 2026 թվականին վճարելու է մոտավորապես 350 000 դրամ գույքահարկ։ 12 ամսվա նրա թոշակը կազմելու է մոտավորապես 500 000 դրամ։ Եթե նա 326 000-ը վճարելու է որպես գույքահարկ, դրանից մնալու է մոտ 180 000 դրամ։ Այսինքն՝ թոշակառուին 1 տարի գոյատևելու, ապրելու համար մնալու է օրական 500 դրամ։ Դա նշանակում է, որ թոշակառուն օրական ընդամենը 1 հաց է գնելու,- ասել է Կամենդատյանը։
 
Նա նշել է, որ գույքահարկը պետության և անհատի փոխհարաբերությունները կարգավորող հարկատեսակներից մեկն է, բայց այն պետք է լինի ողջամտության սահմանում․ 
 
- Ես ենթադրում եմ, որ փոփոխությունները միտված են 2026-27թթ–ին համայնքի բյուջե ներկա 8 մլրդ դրամի փոխարեն արդեն 40 մլրդ դրամ հավաքագրելուն։ Իհարկե, լավ է, որ համայնքի բյուջեն աճում է, բայց մենք պետք է նաև հարց տանք` այս գումարի տնօրինումը ո՞վ է իրականացնում։ Եթե դրանով ձեռք է բերվելու քաղաքապետի համար ամերիկյան ուղևորության ինքնաթիռի 20 000 դոլարանոց տոմս, իհարկե, մենք դեմ ենք, որ գույքահարկն աճի։
 
Եկամուտների հայտարարագրում լինելու է.
ՀՀ կառավարությունը մերժեց ընդդիմադիրների նախագիծը
 
Տնտեսագետը նաև սեփական հաշվարկներն է կատարել՝ առաջնորդվելով գույքահարկի հաշվարկման բարդ բանաձևով, և ահա թե ինչ պատկեր է ստացել 2026թ-ին էլ ավելի թանկացող գույքահարկի արժեքի վերաբերյալ։
 
- Մինչև 10 մլն շուկայական և կադաստրային մոտարկված արժեք ունեցող անշարժ գույքի գույքահարկը կարժենա տարեկան 5 000 դրամ, 10-25 մլն արժողությամբ գույքինը՝ 20 000 դրամ, 25-47 մլն արժեք ունեցող անշարժ գույքինը՝ 64 000 դրամ, 47-75 մլն արժեցող անշարժ գույքինը՝ 176 000 դրամ, 75-100 միլիոն արժեք ունեցողինը՝ 326 000 դրամ, 100 մլն դրամից ավելի արժողությամբ գույքը՝ 326 000 դրամ + 100 մլն դրամը գերազանցող արժեքի 1 տոկոսը,– թվարկեց մեր զրուցակիցը։
 
Ներկայացված թվերն առավել պատկերավոր դարձնելու համար Կամենդատյանը նշեց, որ Երևանի Աբովյան փողոցում գտնվող հին շենքի 150-200 հազար դոլար արժողությամբ 2–սենյականոց բնակարանի գույքահարկը կարժենա շուրջ 326 000 դրամ։
 
Ինչ վերաբերում է անհատական բնակելի տներին, ըստ Կամենդատյանի հաշվարկների, մինչև 7 մլն դրամ արժեք ունեցող տների գույքահարկը կկազմի տարեկան 7 500 դրամ, 7-23 մլն դրամ արժեցողներինը՝ 19 000 դրամ, 23-50 մլն արժեցողներինը՝ 73 000 դրամ, 50-85 մլն-ը՝ 213 000, 85-100 մլն–ը՝ 423 000 դրամ, 120 և ավելի մլն արժողությամբ տներինը՝ 423 000 դրամ + 100 մլն-ը գերազանցող գումարի 1 տոկոսը։
 
- Եթե Երևանի Կենտրոն կամ Արաբկիր վարչական շրջաններում անհատական տների գները մոտավորապես 250 000 դոլարի կամ 85-100 մլն դրամի սահմաններում են, դրանց գույքահարկը կազմելու է 423 000 դրամ։ Կոնդում 100 քմ-անոց բնակելի տան գույքահարկը կազմելու է մոտավորապես 350 000 դրամ։ Սա նշանակում է, որ շատ սեփականատերեր չեն կարողանալու վճարումները կատարել, նրանց մոտ ձևավորվելու են գույքահարկի չկատարված պարտավորություններ, և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սկսելու է այդ գումարները գանձելու աշխատանքներ։ Այսինքն` պետական կառավարման ամբողջ ներուժը մղվում է պարտքեր ձևավորելուն և այդ պարտքերը գանձելուն։ Դրանից հետո գալու է արդեն քաղաքացիներին ունեզրկելու, աճուրդներով նրանց ունեցվածքը վերաբաշխելու պրոցեսը,- վստահեցրեց մասնագետը՝ համոզմունք հայտնելով, որ իր մատնանշած շղթան Երևանի թանկարժեք հատվածներին «էժան» գներով տիրանալու հստակ ծրագիր է։
 
Նշեք, որ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում գույքահարկի նոր սանդղակով հարկվելու է 432 000 բնակարան։ Դրանցից 402 000-ի սեփականատերերը կվճարեն տարեկան մինչև 30 000 դրամ գույքահարկ, մնացած 30 հազարը կվճարեն բազմապատիկ աճած գույքահարկ, իսկ հին սանդղակով հարկվող մյուս բնակֆոնդի տարեկան գույքահարկը չի գերազանցի 5000 դրամը։
 
Աղբյուր՝ Sputnik Արմենիա