Դրամն «արժեզրկողները» թող չանհանգստանան
Այսօր ո՞վ կարող է իր կյանքը պատկերացնել առանց բանկերի հետ առնչության: Թոշակառուն որ թոշակառու է, նա էլ է իր բաժին թոշակը բանկային քարտից ստանում: Իսկ բանկերի անվտանգությունը գնալով խոցելի է դառնում:
Եթե առաջներում պետք է թալանչիները ֆանտաստիկ ծրագրեր մտածեին, ֆիզիկական մեծ ջանքեր գործադրելով` հասնեին բանկերի պահուստներին և այնտեղից դրամների ծանր կապոցներն առած մի կերպ դուրս գային, հետո էլ բռնվելուց վախենալով` չհամարձակվեին օգտագործել, IT դարում ամեն ինչ այլ է: Թվային սարքերը կարողացիր քո օգտին ծառայեցնել, և գումարն ինքը քո հաշվին կնստի: Բայց ինչպես ասում են՝ ամեն ցավ իր դարմանն ունի:
Հայաստանյան բանկերը հայտարարել են, թե ցանցահենների դեմ մտադիր են պայքարել թեստերի միջոցով` պարբերաբար փորձարկելով տեղեկատվական անվտանգությունը: Երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության ղեկավար Մ. Աբրահամյանը: Նաև շարունակվում է բանկերի անցումը ISO 27000 տեղեկատվական անվտանգության ստանդարտին:
Մեր հասարակությանն այս օրերին մեկ այլ հարց էլ է խիստ մտահոգում: Սոցցանցերում և լրատվամիջոցներում պաբերաբար ահազանգի նման լուրեր են տարածվում, թե շուտով ՀՀ-ում դրամի փոխարեն վճարման միջոց է ճանաչվելու ռուբլին: Պատճառն էլ այն է համարվում, որ ԵԱՏՄ-ում վճարման միասնական միջոց է սահմանվում, ռուբլին, Հայաստանն էլ, որպես այդ տնտեսական միության անդամ, պարտավորված է լինելու ենթարկվել դրան:
Մ. Աբրահամյանը հերքել է այս լուրերը` գոնե առաջիկա 10-15 տարվա համար անիմաստ համարելով այդպիսի հարց քննարկելն անգամ:
Սա իհարկե` տարածվող լուրերի պաշտոնական հերքում է, սակայն ջուր պղտորողները դժվար թե շուտ հանդարտվեն, դա էլ բազմաթիվ հասարակ քաղաքացիների կհարկադրի անվստահությամբ վերաբերվել մեր ազգային արժույթին: Իսկ այդ արժույթի համար տագնապել ու նրա շարունակականությունը ցանկանալ արժե: