ԿԲ-ն ուսումնասիրում է «Թել-Սելին» տրամադրված լիցենզիայի և «Թել-Սելի» իրականացրած գործունեության համապատասխանության հարցը
«Հետքը» տեղեկացնում է, որ նախորդ տարի դեկտեմբերի 23-ին հարցում էր ուղարկել Կենտրոնական բանկ՝ «Թել-Սել» ընկերության կողմից Երևանի հանրային տրանսպորտի ուղետոմսերի վաճառքի վերաբերյալ։ ԿԲ-ից 30 օր լրացուցիչ ժամանակ էին խնդրել հարցմանը պատասխանելու համար։
Հարցմամբ խնդրել էինք պատասխանել հետևյալ 4 հարցերին.
♦ Արդյոք, տրանսպորտի տոմսեր (մեկանգամյա օգտագործման QR կտրոններ, մեկշաբաթյա, մեկամսյա կամ մեկ տարվա ուղետոմսեր) վաճառելու համար անհրաժե՞շտ է լիցենզիա։
♦ Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է ստանալ այդ լիցենզիան։
♦ Արդյոք, «Թել-Սել» ընկերությունը ստացե՞լ է այդ լիցենզիան։
♦ Եթե ոչ, ապա ի՞նչ քայլեր է արել կամ անում ԿԲ-ն առանց լիցենզիայի տոմսերի վաճառքը կանխարգելելու կամ թույլ չտալու համար։
Այսօր վերջապես ստացանք Կենտրոնական բանկին ուղղված գրավոր հարցման պատասխանը։ ԿԲ-ից նշել են, որ «Թել-Սել» ԲԲԸ-ն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 24.07.2007թ. որոշմամբ ստացել է «դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու» և «վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու» համար լիցենզիա, այնուհետև ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 19.02.2016թ. որոշմամբ ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն: Այս լիցենզիայի և թույլտվության շրջանակներում «Թել-Սելը» կարող է իրականացնել «Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարահաշվարկային ծառայություններ, այդ թվում՝ ընդունել և կատարել վճարումներ:
«Ինչ վերաբերում է Ձեր կողմից ներկայացված հարցադրումներին, ապա հայտնում ենք, որ ներկայում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից շարունակվում են ուսումնասիրությունները եւ Կենտրոնական բանկն օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում կներկայացնի իր դիրքորոշումը»,- նշված էր ԿԲ-ի պատասխանում:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Հետքը» հոդված էր հրապարակել ԿԲ-ի, Երևանի քաղաքապետարանի և «Թել-Սելի» միջև առաջացած կոնֆլիկտի մասին։ Ինչպես հայտնել էին «Հետքի» աղբյուրները, Կենտրոնական բանկը խնդիր էր տեսնում «Թել-Սելի» կողմից հանրային տրանսպորտի ուղետոմսեր և տրանսպորտային քարտեր վաճառելու մեջ։
Մեկնաբանություն ստանալու համար դիմել էինք նաև Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասել էր, որ կխոսի ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ և կպատասխանի մեր հարցին։ Ավելի ուշ՝ փոխքաղաքապետի հետ խոսելուց հետո, Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ իրենք նման տեղեկատվություն չունեն։
Խոսել էինք նաև «Թել-Սել» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանի հետ։ Նա ասել էր, որ Կենտրոնական բանկից որևէ արձագանք չեն ստացել այս թեմայի վերաբերյալ։
- Նման խոսակցություն, քննարկում, որևիցե բան տեղի չի ունեցել։ Բացի դրանից, մենք այս գործառույթն իրականացնում ենք արդեն 1,5 տարի, և այս ընթացքում ԿԲ-ի կողմից որևէ հարց չի առաջացել,- ասել էր Հունանյանը։
Նա նաև նշել էր, որ իրենք տոմսեր չեն վաճառում, այլ պարզապես գումար են հավաքագրում «Երևանավտոբուս» ՓԲԸ-ի և «Մետրոպոլիտենի» համար։
- Եթե տոմսը մերը լիներ, այո՛, մենք այդ իրավունքը չէինք ունենա։ Մենք այս գործառույթն արդեն 1,5 տարի է իրականացնում ենք, և ԿԲ-ն դրա մասին քաջատեղյակ է,- հավելել էր Լիանա Հունանյանը։
Ստացվում է, որ գրեթե մեկ ամիս անց Կենտրոնական բանկը դեռ չի կարողանում հստակ ասել՝ կարո՞ղ է «Թել-Սել» ԲԲԸ-ն իրականացնել հանրային տրանսպորտի ուղետոմսերի վաճառք, թե՞ ոչ։ Իսկ «Թել-Սել» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանի պնդումը, թե ԿԲ-ն այս ամենի մասին քաջատեղյակ է և նրանց մոտց այս թեմայի վերաբերյալ որևէ հարց չի առաջացել, այնքան էլ միանշանակ չէ։
Մենք խոսեցինք նաև փորձագետի հետ։ Նա ցանկացավ անանուն մնալ, և նշեց, որ այս պարագայում հարցը ԿԲ-ի լուծման դաշտում է։ Կենտրոնական բանկը պետք է խորհրդի նիստ գումարի և հստակ դիրքորոշում արտահայտի հարցի վերաբերյալ։
Իսկ մինչ Կենտրոնական բանկը շարունակում է քննարկումները և փորձում գտնել հարցերի պատասխանները, Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է փետրվարի 1-ից ամբողջությամբ ներդնել միասնական տոմսային համակարգը։
Օրեր առաջ՝ հունվարի 15-ին, հանրային տրանսպորտի թանկացման հարցով հավաք էր հրավիրել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա առաջարկում էր բոյկոտել այս գործընթացը և չվճարել 100 դրամից ավելի։
Հավաքի ընթացքում Երևանի նախկին քաղաքապետը նաև դիմեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին և հորդորեց պատասխանել հարցին՝ արդյո՞ք «Թել-Սել» ընկերության գործունեությունը համապատասխանում է իր ունեցած լիցենզիային։