Գործնական սեր հայրենիքի հանդեպ․ ահա առաջնայինը

ՍՈՑՑԱնՑԱՅԻՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ․ Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ

Պատկառելի մշակութային ժառանգություն ունեցող   ժողովուրդը, ով իր զգալի դերակատարությունն ունի համաշխարհային մշակույթի ստեղծման և զարգացման ասպարեզում «վախենալու» ոչինչ  չունի  համաշխարհայնացումից և, նույնպես մնացած այն ազգերը, ովքեր համաշխարհային մշակույթի «կալվածատերերն» են:
 
Օրինակ, ինչի՞ց վախենալ, երբ Կոմիտասի ստեղծագործությունները Տաթևիկ Հովհաննիսյանը ջազի միջոցով աշխարհին ճանաչել տվեց, համաշխարհայնացրեց:
Առանց ժամանակի շունչը զգալու, առանց ժամանակի զարկերակը բռնելու, ազգային մշակույթի զարգացման ընթացք ապահովել  հնարավոր չէ: Անշուշտ, պետք է նկատի ունենալ, որ ազգային մշակույթի զարգացումը միայն առևտրականացման ճանապարհով ապահովելու հանգամանքը կարող է հոգևոր-մշակութային արժեքներից զուրկ  միջոցառումների շարանի վերածվել և մոռացվել:
 
Այսօր, արդեն, սփյուռքը գրեթե դարձել է Հայաստանի  Հանրապետության անբաժանելի մասը և իր ինքնակառավարման կառուցվածքներն աստիճանաբար խելամտորեն հարմարեցնում է հայրենականին՝ թեկուզ ունենալով սոցիալ-մշակութային և քաղաքական ասպարեզի հանդեպ խիստ քննադատական դիրքորոշում: Միևնույն ժամանակ հայրենիքի պաշտպանության և մարզական   ասպարեզների նկատմամբ սփյուռքն ունի դրական դիրքորոշում և այլն:  
 
Միանգամայն հասկանալի է սփյուռքյան այս կեցվածքը, քանի որ սփյուռքի «մատը» մշտապես գտնվում է ճշմարտության և ցավի վրա:  
 
Բայց ապրել մի երկրում և չգտնվել այդ երկրի զարգացումների ընթացքի մեջ, ապրել իբրև մարգարիտ խեցու մեջ՝ անհեռատես անխելքություն կլինի: Ընդհակառակը, պետք է դառնալ այդ երկրի զարգացման սայլի ուղևորը: Պետք է սերտել այդ երկրի գիտա-մշակութային ձեռքբերումները, դառնալ նոր զարգացումների դրոշակակիրը, մանավանդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության պարագային: Տարբեր կրոնների հետևորդ լինելը բնավ էլ խանգարող հանգամանք չի կարող լինել․ գոնե՝ հիմա: Իսկ հիմնականում մեր հայ երիտասարդությունը պիտի ադապտացվի այդ ընթացքին՝ ստանա որակով կրթություն և հայեցի դաստիարակություն, որպեսզի անխուսափելի սերնդափոխության մեջ ապահովի մարդկային որակներ և բարձր հատկանիշներ:
 
Այսօր  սփյուռքը մշտապես գտնվում է ժամանակի շարժվող գնացքի մեջ՝ արտերկրի կիսակայարանների խաչուղիներում, ի մտի ունենալով, որ հայրենիքն իրենց վերջին հանգրվանն է: Ահա թե որն է մեր ամենավնասակար, հայկական ուժը ջլատող սխալը, որը  կարելի է լուծել մեկ ակնթարթում: Հարկավոր է փոխել այս անմիտ կարգախոս կոչվածը, որ հայրենիքի հանդեպ ընդամենը պարապ սիրո նշույլ է պարունակում:
 
Գործնական սեր հայրենիքի հանդեպ՝ ահա առաջնայինը, ահա միակ և առաջին կայարանը՝ Հայաստանի Հանրապետություն, իսկ վերջին կայարանն ամբողջական Հայաստանն է: