Գանձագողերին պետք է 1 գիշեր, հնագետներին՝ տարիներ

ՊԵՂՎՈՒՄ Է ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԱՐԳԻՇՏԻԽԻՆԻԼԻՆ

Ինչպես տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն, Արդեն մոտ երկու շաբաթ է՝ Նոր Արմավիր գյուղում՝ ուրարտական հնագույն Արգիշտիխնիլի քաղաքի տարածքում, աշխատում է հայ-լեհական արշավախումբը։ Նպատակը ոչ թե նոր պեղումներն են, այլ հնագիտական մեծ մասշտաբի հետազոտությունները։
 
Ուրարտական թագավորության երբեմնի ամենաշքեղ ու հզոր քաղաքներից մեկը՝ Արգիշտիխնիլին, Հայաստանի ամենաերկար պեղված հուշարձաններից է։ Արգիշտի Առաջին թագավորի կողմից մ․թ․ա. 776 թվականին հիմնադրված քաղաքի տարածքում պեղումները սկսվել են դեռևս նախորդ դարի 60-ական թվականներին և շարունակվել տևական ժամանակ։ Հայտնաբերվել են Ուրարտուի ժամանակաշրջանի բավականին հետաքրքիր, հզոր նյութեր։
 
Ամենալավ պեղված հատվածներից է միջնաբերդը, որը գտնվում է բարձր բլրի վրա։ Հայտնի է, որ այն շրջապատված է եղել պարսպով, հետո տարածվում էր քաղաքը՝ բնակելի տներով, մրգատու այգիներով և այլն։ Հատակագծով Ասորեստանի և Բաբելոնի նշանավոր քաղաքներին բավականին նման Արգիշտիխինիլիում այսօր բազմաթիվ խնդիրներ կան։ Թեպետ ուրարտական երեք նշանավոր հուշարձաններում՝ Կարմիր բլուրում, Էրեբունիում և Արգիշտիխինիլիում պեղումները մեկնարկել են գրեթե միաժամանակ, բայց ի տարբերություն նախորդ երկուսի՝ այս մեկը, կարծես թե, պեղումներից հետո մի քիչ մոռացվել է՝ թերևս տեղանքով պայմանավորված։
 
Հարյուրավոր հեկտարներ զբաղեցնող հուշարձանի տարածքում տարիների ընթացքում մեծ ծավալի կենցաղային աղբ է կուտակվել, էական վնաս են հասցրել նաև գանձագողերը։ Առկա խնդիրների լուծման համար էլ կազմվեց հայ և լեհ մասնագետների խումբը։
 
Հայ և լեհ մասնագետների խումբ ձևավորելու նախաձեռնությունը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտինն է։ Դրան միացել են Հայաստանում գործող գիտական 2 կենտրոններ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Սարդարապատի թանգարանը, կնքվել է համագործակցության պայմանագիր Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հետազոտությունների լեհական կենտրոնի հետ։ Խմբի նպատակը ոչ թե զուտ պեղումներն են, այլ հնագիտական մեծ մասշտաբի հետազոտությունները։
 
- Մեր նպատակներից է ֆիքսել այն ամենը, ինչ նախկինում արվել է, բոլոր այն կառույցները, որ բացվել էին, որոնք վնասվել են տարիների ընթացքում կամ որոնք այլևս չկան, օրինակ՝ ժամանակակից գերեզմանոցի ընդլայնման հետևանքով։ Բացի այդ, հուշարձանը տևական ժամանակ թալանվել է, այն նյութերը, որոնք գանձագողերին պետք չեն եղել, հանելուց հետո հենց այնպես նետել են տարածքում։ Մենք նաև այդ նյութերն ենք հավաքում,- նշում է արշավախմբի ղեկավար, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։
 
Նրա խոսքով՝ պարզապես տարածքում քայլելիս հայտնաբերել են խեցանոթի բեկորներ, բրոնզե ապարանջան և այլն։ Ասում է՝ գանձագողերը շատ արագ են աշխատում. նրանք կարող են մի գիշերում փորել, բացել ու ավերել այնքան տարածք, որքանը պեղելու համար հնագետներին կարող է, օրինակ, մի 10 տարի պետք լինել։
 
Խմբի նպատակներից է հուշարձանի տարածքում միջգիտակարգային հետազոտություններ իրականացնելը։ Արդեն իսկ իրականացվել է Արգիշտիխնիլիի 3D մոդելավորում նորագույն սարքերի միջոցով։ Տարածքում նախատեսվում է իրականացնել նաև, այսպես կոչված, ռադար-հետազոտություն՝ հուշարձանի իրական տարածքը պարզելու համար։ Մասնագետները չեն բացառում, որ աչքով տեսանելի հատվածներից բացի, ինչ-որ մասեր կարող են նաև թաքնված լինել, օրինակ, մշակվող գյուղատնտեսական հողերի տակ։ Տարածքում գործում է ևս մեկ արշավախումբ, որն իրականացնում է պեղումներ դամբանադաշտում։
 
Իրականացվելու է նաև երկրաքիմիական հետազոտություն՝ տարածքի ջրաբաշխական համակարգը հասկանալու համար, օրինակ` թե երբ է ջուրն այս տարածքի համար խնդիր եղել և այլն։ Բացի այդ, հնակենսաբանական, հնակենդանաբանական ու հնամարդաբանական հետազոտություններ են արվելու։
 
- Այս հետազոտությունների նպատակն է հասկանալ մարդկանց կենցաղը, այն, թե ինչ սննդակարգ են ունեցել, ինչ միջավայրում են ապրել, ինչու են հենց այս տարածքն ընտրել ապրելու համար, այսինքն՝ ցանկացած մանրամասն, որ կարող է ինֆորմացիա տալ այստեղ ապրած մարդկանց կյանքի մասին,- նշում է ՀՀ ԳԱԱ հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խմբի ղեկավար Ռոման Հովսեփյանը։
 
Մի հետաքրքիր մանրամասն են մասնագետներն այստեղ մտաբերում․ օրինակ՝ նախորդ դարի 60-ականներին քաղաքային հատվածում բացվել է մի կառույց, որտեղից գտնվել են սրվակներ, կենդանիների ոսկորներ։ Հնագետներն այն ժամանակ ենթադրել են, որ բժշկության հետ առնչվող մասնագիտության մարդ է այստեղ ապրել, դրա համար էլ կառույցն անվանել են «Բժշկի տուն»։
 
Արշավախմբի լեհական կողմի ղեկավար, Վարշավայի համալսարանի միջերկրածովյան հնագիտության լեհական կենտրոնի հնագետ Մատեուշ Իսկրան Հայաստանում է արդեն 12 տարի, մինչ այս աշխատում էր Մեծամորում, ուրախ ու հպարտ է, որ հնարավորության է տրվել Արգիշտիխինիլին ուսումնասիրել։ Ասում է՝ Եվրոպայում այն լավ հայտնի հուշարձան է, որովհետև ուրարտական ժամանակների ամենանշանավոր կառույցներից է։
 
- Սա միայն Հայաստանի կամ Հարավային Կովկասի պատմության համար չէ, որ կարևոր է, այլև մարդկության։ Այստեղ շատ անելիքներ դեռ կան։ Ժամանակին մասամբ պեղվել է միջնաբերդը, բայց քաղաքային հատվածի մասին դեռ շատ բան չգիտենք։ Մենք, օրինակ, չգիտենք, թե ինչպես են ուրարտացիներն ապրել, ինչպիսին էր նրանց առօրյա կյանքը։ Մենք նաև այս հարցի պատասխանն ենք ուզում ստանալ։ Այստեղ կարելի է հետաքրքիր զուգահեռներ անցկացնել նաև, օրինակ, ասորացիների կյանքի ու կենցաղի հետ, չէ՞ որ նույն ժամանակաշրջանի ու հարևան կայսրությունների մասին ենք խոսում,- նշում է լեհ մասնագետը։
 
Շեշտում է՝ այս նախաձեռնության ամենակարևոր կետը, սակայն, հուշարձանի պահպանությունն է, քանի որ այն այսօր միանշանակ վտանգի տակ է։
Մասնագետների խմբի աշխատանքի արդյունքում նախատեսվում է Արգիշտիխինիլին արգելոցի վերածել, համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել՝ պահպանության հարցը ևս իրականացնելու համար։