Ինչ պետք է անի, որ չի անում Բագրատ Սրբազանը
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից
Հարկ է պատշաճը հատուցել այն ջանքերին, որ արդեն 6-րդ ամիսն է՝ Հայաստանի լավ ապագայի համար գործադրում է «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման առաջնորդը: Տեսակետները Բագրատ Սրբազանի մասին կարող են տարբեր լինել՝ ծայրահեղ դրականից մինչև ծայրահեղ բացասական՝ անգամ կծու վիրավորանքով լի պիտակավորումներ: Բայց փաստը մնում է փաստ՝ նա հայաստանյան նիրհուն քաղաքական դաշտ բերեց ոչ միայն գարնանային շունչ ու թարմություն, այլև ինքնավստահություն, հոգևոր լիցքեր և պայքարի ոգի:
Այլ հարց է, թե որքանով է այդ ամենը արդյունավետ օգտագործվում իրական գետնի վրա և որքանով է այս խառնակ ժամանակներում մոտեցնում հայ ժողովրդի մեծամասնության բաղձանքը, այն է՝ վռնդել երկիրը գահավիժման տանող խաբեբա, անկարող ու ազգադավ իշխանախմբին եւ վերահաստատել հայկական օրակարգ սպասարկող կենտրոնաձիգ, ազգային իշխանություն: Սա է այսօր գերխնդիրը, որովհետև Փաշինյանի ու նրա խմբակի հաջորդ վերատադրությունը, Աստված չանի, Հայոց պետականության, հայի ու հայկականի վախճանն է գուժելու:
Սրբազանի համար, անշուշտ, հեշտ չէ: Նա «Նեռի» դեմ պայքարի զոհասեղանին է դրել իր խաղաղ անդորրը, անձնական երջանկությունը, կարիերան, նույնիսկ՝ կյանքը, որպեսզի «լույսը հաղթի խավարին, ճշմարտությունը՝ ստին, իրավունքը՝ ամենաթողությանը»: Բայց պայքարը՝ առավել ևս պայքարում հաղթանակի հասնելը, մեկ-երկու մարդու գործ չէ. այն պահանջում է ուժերի ու պաշարամիջոցների մեկտեղում, հանրային լայն համախմբում, գործողությունների հստակ ծրագրում ու համակարգում, ճանապարհային քարտեզի մշակում և այլն: Հանրահավաքները, բողոքի մյուս ակցիաները ապստամբության համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոցներ են:
Ցավոք, պայքարի առանցքային գործընթացները, որոնց մասին վերը կարճ հիշատակվեց, չպատճառաբանված ձգձգվում են: Ասել է թե՝ Սրբազան հայրը դանդաղ է շտապում: Եվ այստեղ հարց է ծագում՝ ի՞նչ պետք է անի նա, որ չի անում: «Հայացք» պարբերականը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, նրա աջակիցներին, համայն հայ ժողովրդին սրտանց հաջողություն ու հաղթանակ է մաղթում, և մեր բարեկամական խորհուրդները, նկատառումները, գուցեև կսմիթները հենց այդ ցանկությամբ են պայմանավորված՝ հույսով, որ այդպես էլ կընկալվի նաև «Հայացք»-ի ընթերցողների կողմից:
Ուրեմն՝ ի՞նչ պետք է արվի: Առաջին՝ չնայած բավականաչափ ուշացած, պետք է հաջորդ հանրահավաքում հրապարակել «Սրբազան պայքարը» գլխավորող թիմի ամբողջական կազմը՝ ովքեր են որոշում կայացնողները, ով կազմակերպչական որ ուղղության համար է պատասխանատու և այլն: Եթե շարժման միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա նրա առջև պետք է լինել բացարձակապես անկեղծ, անկաշկանդ ու թափանցիկ: Երկրորդ՝ ցանկացած իշխանափոխություն ենթադրում է նոր ընտրություն և կառավարության նոր կազմ: Մարդկանց պետք է ներկայացվեն ստվերային կառավարության կազմը, նախընտրական հնարավոր ցուցակը և, ի վերջո, վարչապետի թեկնածուն:
Սրանք սկզբի համար ամենաանհրաժեշտ քայլերն են, մնացածի մասին կարելի է խոսել հաջորդիվ, երբ այս երկու կետը իրականացված լինի: Նշված քայլերը, ընդհանուր առմամբ, պետք է ընդունել որպես մեթոդաբանություն և նոր մշակույթ մեծ քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնող ուզածդ գործչի համար: Ի դեպ, հետանկախական շրջանում արցախահայաստանյան միակ հաջողված նախագիծը «Ղարաբաղ» կոմիտեն է եղել, որտեղ հանրորեն հստակեցված էին որոշում կայացնողների շրջանակը, ոլորտների պատասխանատուների անունները, գործունեության ուղղությունները և տեղական կառույցների կազմերը:
Արդեն ընթացքում պարզորոշվում են նաև մյուս հարցերը՝ գործողությունների ծրագիրը, անցումային գործընթացի հայեցակարգը, ճանապարհային քարտեզը և այլն: Սա կյանքի հաջող փորձ անցած, աշխատող ռազմավարություն է, «նոր հեծանիվ» պետք չէ հորինել: