Հայաստանում հաստատվել է հետմահու դոնորների փոխպատվաստման օրգանների ցանկը. մանրամասներ

Ներկա դրությամբ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում, սակայն իշխանությունները շարունակում են աշխատել փոխպատվաստման համակարգի ստեղծման ուղղությամբ:
 
Հայաստանում հաստատվել է հետմահու դոնորներից փոխպատվաստման ենթակա օրգանների և հյուսվածքների ցանկը։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
 
Ինչպես գրել է լրատվամիջոցը՝ «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2009 թվականին և գործում է այսպես կոչված համաձայնության կանխավարկածի սկզբունքով. դա նշանակում է, որ եթե մարդը կենդանության օրոք չի հայտարարել մերժման մասին, նրա մահից հետո օրգանները կարող են հարազատների թույլտվությամբ հանվել: Սակայն գործնականում օրենքը սկսել է մասամբ կիրառվել միայն 2019 թվականից։
 
Մարտին խորհրդարանն ընդունեց օրենքի փոփոխությունները, որից հետո հաստատվեց հետմահու դոնորներից վերցնելու համար թույլատրված օրգանների ցանկը: Նոր դրույթների համաձայն՝ «ուղեղի մահվան» կամ «կենսաբանական մահվան» արձանագրումից հետո հնարավոր է հանել 11 տեսակի օրգաններ և հյուսվածքներ, այդ թվում՝ երիկամներ, լյարդ, սիրտ, թոքեր, ենթաստամոքսային գեղձ, ոսկրային և աճառային հյուսվածքներ, աչքի եղջերաթաղանթ, սրտի փականներ, անոթներ և մաշկային ծածկույթներ:
 
Կենդանի դոնորներից թույլատրվում է աչքի եղջերաթաղանթի և լյարդի հատվածի փոխպատվաստում:
 
Նախարարությունից մանրամասնում են, որ օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու, մշակելու, կոնսերվացնելու, տեղափոխելու և փոխպատվաստելու գործընթացը կարող է իրականացվել բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատությունների կողմից:
 
Օրգանների հանումը հնարավոր է միայն դոնորի համապարփակ բժշկական հետազոտություն անցկացնելուց և նրա պիտանիության մասին եզրակացություն ստանալուց հետո: Կենդանի դոնորի դեպքում պահանջվում է կամավոր գրավոր համաձայնություն, իսկ վիրահատությունից 15 օր առաջ նրան պետք է տեղեկացնեն հնարավոր ռիսկերի մասին:
 
Հետմահու դոնորներից հանված օրգանները ենթարկվում են հատուկ մշակման, այնուհետև փաթեթավորվում են փոխադրման տարաների մեջ (պահպանելով հատուկ ջերմաստիճանային ռեժիմը) և առաքվում մասնագիտացած բժշկական հաստատություններ:
 
Ներկա դրությամբ հետմահու դոնորներից օրգանների փոխպատվաստում Հայաստանում չի իրականացվում, սակայն իշխանությունները շարունակում են աշխատել փոխպատվաստման համակարգի ստեղծման և համապատասխան բժշկական մասնագետների պատրաստման ուղղությամբ:
 
Նշենք, որ փոխպատվաստման համակարգը ներառում է մի շարք միջոցառումներ, ընթացակարգեր և ենթակառուցվածքներ, որոնք ապահովում են դոնորներից (կենդանի կամ հետմահու) օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման գործընթացը ռեցիպիենտներին: