Հայաստանը դեռ գինի արտադրող երկիր չի ընկալվում
ԽՆԴԻՐՆԵՐ` ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց գինեգործության ոլորտի խնդիրները, զարգացման հեռանկարները:
Ոլորտի զարգացման համար պետք է ունենալ գինու արտադրության համար պահանջվող խաղողի այգիներ: Մինչդեռ Հայաստանում, ըստ նրա, տարիներ շարունակ մշակվել է կոնյակի համար պիտանի խաղող:
- Մեր հիմնադրամի նպատակն է բարձրացնել խաղողագործության որակը, որակյալ խաղող մշակել: Մյուս խնդիրը քարտեզագրությունն է, որի շնորհիվ հնարավոր կլինի աշխարհագրական անուններով գինիներ արտադրել և արտահանել,-նշեց Զ. Մուրադյանը:
Ասուլիսի մյուս բանախոսի՝ «Արմենիա Վայն» ընկերության վաճառքի գծով տնօրեն Նաիրա Չագլասյանը նկատեց, որ օրենքը հայ գինեգործներին թույլ չի տա միջազգային շուկաներում աշխարհագրական տեղանուններով գինի վաճառել: Թեև ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանն էլ հակադարձեց, որ օրենքով կարգավորված է աշխարհագրական նշումներով գինիների արտադրությունն ու արտահանումը, պարզապես Հայաստանի համապատասխան տարածքների անունները պետք է հաստատվեն:
- Այդ դեպքում ինչո՞ւ է հայ գործարարը խնդիր ունենում անգամ Ռուսաստանում:
Հնչած այս հարցն այդպես էլ հստակ պատասխան չստացավ: Միգուցե հայկական գինի ներկրող երկրները, նաև Ռուսաստանը, չգիտե՞ն Հայաստանում գործող օրենքի մասին: Չնայած՝ հազիվ թե ՀՀ օրենքը խոչընդոտ լինի այլ պետություններում: Ավելի հավանական է, որ պարզապես մենք բավարար ջանքեր չենք գործադրել այդ ուղղությամբ:
Թեև ոլորտում խնդիրներ կան, սակայն ձեռքբերումներ էլ ունենք: Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչը հավաստիացրեց` Հայաստանն արդեն գինի է արտադրում արդեն ոչ միայն տեղական սպառեղի, այլև օտարների քիմքին համապատասխան: Պարզապես մեր երկիրը միջազգային շուկայում դեռ ընկալում են որպես կոնյակ արտադրող:
Ինչպես հայկական մյուս արտադրանքների, այնպես էլ հայկական գինու սպառողն արտերկրում հիմնականում Ռուաստանն է: Փոքր քանակով հայկական գինին հասնում է ԱՄՆ, Եվրոպա: Հիմա էլ Չինաստանի հետ են բանակցություններ վարում` հայոց գինու արտահանման համար: