Լավն ընդօրինակելը երբեք ուշ չէ

ԱՐԵՎ ՈՒՆԵՆՔ, ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ` Ո´Չ

Իսլանդիայի օրինակը մեզ համար ևս մեկ օգտակար հուշում է: Խելքի ու ստեղծագործական մոտեցումների պակաս կարծես թե չունենք: Երևի բացակայում են միայն կամքն ու կազմակերպվածությունը:

Սառույցների երկրում էլեկտրաէներգիա ստանալու համար փորձում են օգտագործել ընդերքի ջերմությունը: Իսլանդիայում որոշել են մայրաքաղաք Ռեյկյավիկի էլեկտրաէներգիայի ամբողջ պահանջն ապահովել հրաբուխներից ստացվելիք հիդրոթերմիկական էներգիայի հաշվին: Իսլանդական HS Orka էներգետիկ ընկերության մասնագետներն արդեն Կապույտ ծովածոց ջրամբարին հարող տարածքում 5 կմ խորությամբ հանքահոր են հորատել, և եթե ձեռնարկը հաջողությամբ պսակվի` մտադիր են ամբողջ երկրի տարածքում նման հանքահորեր փորել:

- Միայն Ռեյկյավիկ քաղաքն էլեկտրաէներգիայով ապահովելու համար մենք պետք է երեսունի հասնող սովորական հանքահոր փորենք կամ հինգը՝ բարձր ջերմաստիճանով: Ընդամենը հինգ հիդրոթերմալ կառուցվածքների միջոցով կարող ենք ամբողջությամբ բավարարել մայրաքաղաքի  էներգետիկ պահանջները,-նախագծի հեղինակ Ալբերտ Ալբերտսոնի խոսքերն է փոխանցել «Ինդեփեդենթը»:

Երևանը շատերն անվանում են արևի քաղաք, սակայն մեր մայրաքաղաքի ձմեռները թերևս պակաս ցուրտ չեն լինում, քան հյուսիսում տարածվող Իսլանդիայի մայրաքաղաքում: Ջեռուցման տարեշրջանն սկսվում է թե չէ, Հայաստանում բորոը լարվում են՝ տեսնես ամսվա վերջին գազի ու էլեկտրաէներգիայի ծախսն ի՞նչ թվերով արտահայտված կլինի, կկարողանա՞ն վճարել, թե՞ սաստիկ ձմեռվա կեսին կմնան չջեռուցվող բնակարանի հույսին: Իսկ սրա հետևանքների մասին խոսելն ուղղակի ավելորդ է: 

Ատոմային էլեկտրակայան ունեցող երկիր Հայաստանը կարծես սկսել է մտածել արևի էներգիան օգտագործելու և բնակարանների տանիքներին տեղադրվող մարտկոցների միջոցով այդ սուր խնդիրը լուծելու ուղղությամբ: Հավանաբարավական հեռանկարային թվացող այս ծրագրը ձգձգվում ու տեղում դոփում է, որովհետև որոշ ընկերությունների նավթային ու գազային շահերին է խփում:

Բայց չէ՞ որ Հայաստանը ոչ միայն արևոտ երկիր է՝ ի տարբերություն մառախլպատ Իսլանդաիայի, այլև տաք ջրերով է հարուստ, ինչը նշանակում է՝ ընդերքում կուտակված ջերմության օջախներ ունի: Ընդերքի ու արևի ջերմությունը լիովին բավական կլինեն, որպեսզի Հայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվի: Իսկ եթե սրան գումարենք նաև քամիների ու լեռնային գետերի ուժը, որոնք նույնպես խելացի կառավարվող երկրներում էլեկտրաէներգիայի են վերածվում, ապա մնում է միայն զարմանալ, թե մենք ինչո՞ւ ենք ինքներս մեզ վառելիքաէներգետիկ կախվածության մեջ գցում: