Հակամարտություն՝ մարզպետ-քաղաքապետ-ժողովուրդ

ԱՐԳԵԼԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԻ՛Ր

 
Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը վերջին  շրջանում պարբերաբար է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հրապարակումներից մեկի համաձայն՝ քայքայիչ գործունեություն ծավալող «Եհովայի վկաներ» կազմակերպությունն  ակտիվ գործունեություն են ծավալում Իջևանում: Երբ լրատվամիջոցներից մեկը փորձել էր նրանից ճշտում-պարզաբանումներ ստանալ, քաղաքապետը հաջողությամբ ճողոպրել էր հեռախոսազանգերից:
 
Այսօր էլ իջևանցիները փակել էին միջպետական ավտոճանապարհը: Քաղաքացիները բողոքում են մարզի ճանապարհների վատթար վիճակից և Իջևանում գյուղմթերքների փողոցային առևտուրն արգելելու որոշումից: Իրավիճակը հանդարտեցնելու համար Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է բանակցել իջևանցիների հետ՝ խոստանալով լուծել քաղաքացիներին հուզող խնդիրները: Այս ողջ պատմության մեջ  հետաքրքիր է Իջևանի քաղաքապետի կեցվածքը: Պարզվում է՝ վերջինս անգամ տեղյակ էլ չէր, թե մարզպետն ինչ է խոսել, խոստացել իջևանցիներին: Ավելին՝ անգամ չի էլ հանդիպել իջևանցիների հետ:
 
- Քաղաքապետարանի դռները բաց են, եթե խնդիր կա՝ թող դիմեն, բողոքի ակցիան ո՞րն ա,- ասել է Վարդան Ղալումյանը լրատվամիջոցներից մեկին:
 
Ինչ վերաբերում է փողոցային առևտուրն արգելելուն, քաղաքապետը պնդել է իր որոշումը՝ ճիշտ է անում, քանի որ առևտրի համար կա շուկա: 
 
Սակայն Իջևանում երկու շուկա կա: Մեկը գործում է օրինական հիմունքներով, մյուսը՝ ապօրինի,  առանց սանիտարահիգիենիկ տարրական պայմանների պահպանման: 2016թ. ամռանը Իջևանի քաղաքապետարանը՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետ համատեղ, քաղաքի տարածքը ազատեց ապօրինի առևտուր անողներից: Սակայն դրանից հետո նախկին կենցաղի տան հարակից գոտում առևտուր անողները ընդունելություն են խնդրել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից և դժգոհել են իրենց սոցիալական վատ վիճակից, մարզի ղեկավարին խնդրել, որ իրենց թույլատրվի գոնե մինչև նույն տարվա հուլիս՝ մինչև Վարդավառ, առևտուր անել: Սակայն Վարդավառից հետո առևտրականները ապօրինի շուկայից չհեռացան:
 
Մարզպետը, փաստորեն, հակառակվել է քաղաքապետի որոշմանը՝ թույլատրելով ապօրինի առեւտուրը՝ հիմք ընդունելով բնակիչների  դժգոհությունը սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Չի բացառվում, որ քաղաքապետն ու մարզպետն այս հարցի շուրջ  տարաձայնություններ ունեն: Ու գուցե Իջևանի քաղաքապետն այսօր հենց այդ պատճառով չի հանդիպել իջևանցիների հետ: 
 
Մի դիտարկում ևս: Իսկ Իջևանում գործող շուկայում  վարձավճարներն իրո՞ք մատչելի են սահմանապահ բնակչության համար, որ ստիպված չլինեն  փողոցում առևտուր անել: Եվ, վերջապես, մի կտոր հացի հույսով փողոց դուրս եկած քաղաքացու համար  Իջևանի քաղաքապետը ստեղծե՞լ է այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան քաղաքակիրթ պայմաններում աշխատել: Հիշեցնենք նաև, որ Վարդան Ղալումյանը 2016-ին Իջևանի քաղաքապետ ընտրվելիս խոստացել էր, թե ընտրվելուց հետո աջակցելու է սոցիալապես անապահով խավերին:  
 
Ինչ վերաբերում է վատ վիճակում գտնվող ճանապարհներին, սրանք  իսկական գլխացավանք են դարձել ՏԿ, Տարածքային զարգացման նախարարությունների համար:  Ապրիլյան պատերազմից հետո շատ խոսվեց հատկապես սահմանային ճանապարհների որակի մասին: Կառավարության նիստում  վարչապետ Կարեն Կարապետյանը նույնիսկ հանձնարարականներ տվեց: 
 
Իջևանի քաղաքապետն էլ այսօր   ասել է՝ առաջիկայում  փոսալցումներ կանեն 2-3 օրվա ընթացքում: Եթե նույնիսկ նա իր խոսքը չդրժի, միևնույն է,  ճանապարհների որակի խնդիրը մնում է չլուծված: Պատճառները տարբեր են՝ գումարների յուրացումից մինչև անորակ աշխատանք, որի պատճառով  տուժում են բնակիչները: Զբոսաշրջության մասին խոսելն իսկ զավեշտ է՝ որքան էլ քաղաքապետը  խոստանա Իջևանը զբոսաշրջային քաղաք դարձնել: