Պետականամետությունից մինչև անմեղության կանխավարկած
Վերջին մի քանի տարիներին մի տեսակ փոխվեցին արժեքները, գուցեև իսպառ անհետացան` պետական, սակայն ոչ պետականամետ քաղաքականության շնորհիվ։
Ո՞րը թվարկես․ վերահաս պատերազմի վտանգի առաջ կանգնած և ապա նույն պատերազմի բովում հայտնված երկրի իշխանությունները հետ կանչեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, որպեսզի դարձնեն մեղադրյալ ու դատեն, բանտեր նետեցին բազմաթիվ պետական գործիչների, այդ թվում հաղթանակած զորահրամանատարների ու նախագահի․․․ ժողովրդի մի ստվար զանգված ծափահարեց այս ամենին և ունեցանք այն՝ ինչ ունենք։
Այս ամենի հանրագումարում, երբ արդեն թվում էր, թե ինձ զարմացնելն այլևս անհնար է, օրեր առաջ իմացա, որ ձերբակալվել են մշակույթի երբեմնի նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը ու նրա որդին՝ Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության հատկանիշներով։


Իսկ ու՞ր է մնում անմեղության կանխավարկածը։ Ի վերջո պետք է հասկանանք, որ գործ ունենք անհատների հետ, ովքեր ամբողջացնում են հայրենի մշակույթի դիմագիծն ու իրենց ժամանակը, ճանաչելի դարձնում մեր երկիրը, իսկ մեր մշակույթը դարձնում առավել ընդունված ու սիրելի։ Կարելի՞ է արդյոք անբասիր կենսագրությամբ՝ սիրված ու հարգված արվեստագետին (որի վաստակը գնահատվել է պետական բարձրագույն մարմինների կողմից` Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում շնորհելով) բանտարկել, առանց դատական՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի։ Իհարկե կարելի է, որովհետև ցանկացած նմանատիպ պարագայում պետությունը կասկած է հայտնում, թե անձը կարող է խոչընդոտել քննությանը կամ թաքնվել դրանից։ Սա մի տեսակետ է, որը կարող են արտահայտել մարդիկ, որոնք չգիտեն ինչ է արվեստագետը, ինչ է մտավորականը։ Մտավորականի համար թանկ է իր անունն ու համբավը, որովհետև այն ուղիղ համեմատական է իր ներկայացրած երկրի ու ժողովրդի համբավի հետ, այն ժողովրդի, որի ծոցից է ելել, վերջապես՝ արվեստագետը չի ապրում միայն այսօրվա օրով, ապրում ու գործում է, որ հիշվի՛, ասել է թե՝ ապրի նաև մահից հետո, որ իր զավակներն ու նրանց զավակները հպարտությամբ արտասանեն իրենց ոչ հեռավոր նախնու անունն ու նույնպիսի հպարտությամբ, գլուխը բարձր քայլեն Երևանի բանուկ փողոցնրում։
Անշուշտ, Սերգեյ Սմբատյանը նման խնդիր չունի, նա վաղուց է իր անունը ոսկե տառերով գրել արվեստի նորագույն պատմության էջերում ու պատվով է ներկայացրել մեր մշակույթը, ինչն անառարկելի փաստ է, ի տարբերություն առաջադրված մեղադրանքների։ Սրա մասին գիտի նաև «Ինքը հզոր հանրությունը»։
Միայն կարելի է ափսոսանք հայտնել, որ իշխանությունները չեն պատկերացնում, թե ինչպիսի մեծ վնաս են պատճառում ինչպես անհատի, այնպես էլ երկրի հեղինակությանը։ Սա հարմար է քաղաքական, բայց ո՛չ երբեք պետական գործչին։
Հույս ենք հայտնում, որ արժանավոր մեր հայրենակիցները շուտով կարդարացվեն և կանցնեն իրենց բոլորանվեր ու շնորհակալ գործին։
Մխիթար ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆ
Ավստրալիայի ռուսական գրականությանմիջազգային ակադեմիայի ակադեմիկոս,
Հայաստանի մշակույթի գործիչների միության խորհրդի անդամ, դրամատուրգ
01․08․2023