Ադրբեջանական խնձորները և հայկական «լիբերալիզմը»

ՍԹԱՓՎԵՔ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ

Ադրբեջանական խնձորների մուտքը  Հայաստան դժգոհության մեծ ալիք բարձրացրեց: Հերթական անգամ նորից արդիականացավ  տեղական արտադրանքին նախապատվություն տալու, ընդմիշտ մերժելու թուրք-ազերիական ապրանքները: Թերևս հանրության ու լրատվամիջոցների ճնշումն էր պատճառը, որ պատկան մարմինները խառնվեցին իրար: Զարմանալի էր այս անգամ վարչապետ Կարեն Կարապետյանի լռությունը դեպքի մասին, քանի որ վերջինս  նշանակման առաջին օրվանից խոսել է անվտանգ սննդի մասին ու մի քանի հանձնարարականներ տվել ՍԱՊԾ-ին: 
 
Նախորդ շաբաթ վերջապես ՊԵԿ-ը  խոստովանեց.
 
- Օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առևտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալու միջոցով ակնհայտ առևտրային քանակ հանդիսացող գյուղմթերքը ներկրել են հանրապետություն:  ՊԵԿ աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալու) հատկանիշներով: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերի վերաբերյալ, որոնց հիման վրա Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով ևս հարուցվել է քրեական գործ:
 
Դրան զուգահեռ՝ ՍԱՊԾ-ը մի կես բերան հայտարարեց, թե ադրբեջանական խնձորների փորձաքննության արդյունքներն ամբողջությամբ դեռ չեն ամփոփվել, սակայն, նախնական տվյալներով՝ «անվտանգության հիմնական ցուցանիշների փորձաքննությամբ շեղումներ չեն հայտնաբերվել»:
 
Հարց է առաջանում՝ եթե շեղումներ չեն հայտնաբերվել, ինչո՞ւ է ներկրողը մաքսանենգ ճանապարհով այն բերել: Երկրորդ՝ ինչո՞ւ պատկան մարմինները չեն հայտնում ներկրողի ու չարաշահումներ թույլ տվածի անունները: Միգուցե այս հանցավոր շղթան վերևնե՞ր է հասնում, ու դա՞ է լռելու պատճառը:
 
Ոչ մեկը դեռևս չի մոռացել թուրք ֆերմերներից մեկի այն հայտարարությունը, որ ոչ  բարեկամ երկրների համար վտանգավոր թունաքիմիկատներով են մշակում գյուղմթերքը: Առավել ևս իր թշնամանքը նունիսկ դիմակով չթաքցնող Ադրբեջանից ինչպե՞ս կարելի է պարեն ներկրել: ՈՒրեմն ինչպե՞ս ներքին թշնամի չկոչես այն վայ-հայրենակիցներիդ, որոնցից ոմանք թունավոր մթերք են ներկրում, ոմանք էլ աչք փակելով՝ ջուր են լցնում ներքին թշնամու ջրաղացին:
 
Ի դեպ, ադրբեջանական խնձորների պատմությունը մեկ այլ թողտվություն էլ վերհանեց: Պարզվում է՝ ադրբեջանական և թուրքական գյուղմթերքների ներկրման օրենքով սահմանված արգելք գոյություն չունի: Այսինքն՝ եթե մեկի մտքով անցնի մեր թշնամի պետության խնձորն օրինական ճանապարհով ներկրել որևէ խոչընդոտ չի լինի: Միայն անվտանգությունը հաստատող փաստաթուղթ լինի ու վերջ: Իսկ համոզվա՞ծ ենք, որ մթերքի անվտանգությունը հաստատող լիարժեք փորձաքննություն կատարվում է մեզանում: Այս խնդրին հետամուտ մարդիկ պնդում են, որ ո՛չ: 
 
Եվս մեկ հարց պատկան մարմիններին: Եթե  համապատասխան կառույցները լուրջ չեն վերաբերվում սննդի անվտանգությանը, արդյո՞ք ձևական չեն դառնում դրանց գոյությունն ու պարենային անվտանգության հայեցակարգը: Կամ արդյո՞ք ժամանակ չէ լրամշակել այդ փաստաթուղթը և կյանքի կոչել այն: Եվ վերջապես, Բաքուն 11 տարի ազատազրկման ենթարկեց «Գրանդ քենդի» ընկերության կոնֆետներ Բաքու ներկրած իր քաղաքացուն, Թուրքիան բացահայտ արգելում է հայկական ապրանքների մուտքն իր երկիր, այլ երկրներ պարզապես պատժամիջոցի տեսքով արգելում են  ոչ ցանկալի պետությունների ապրանքների մուտքն իրենց տարածք, իսկ մենք դեռ  լիբերալի՞զմ ենք խաղում՝ հավանաբար միջազգային կառույցների ինչ-ինչ պահանջներին  տուրք տալով: 
 
Սթափվեք, պարոնա՛յք: Հայասպանության իր «սրբազան պարտքը» թուրք-ադրբեջանական ստահակները լա˜վ էլ կատարում են. ի՞նչը ձեզ չի բավարարում, որ դուք էլ ներսից եք սպանում: