Աղանդավորների դեմ պայքարով գաղտնազերծել այլոց

ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԱՐՏԱԿԱՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ  Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ  պայքարելու է աղանդավորների դեմ:

- Հոգևորից եմ սկսելու: Նախաձեռնությունները շատ են,- ասել է  պատգամավորը:

Իհարկե, լավ է, որ օրենսդիր մարմնի անդամը  մտահոգ է ՀՀ-ում քայքայիչ գործունեություն ծավալող  կրոնական կառույցների  գոյության ու գործունեության համար: Լավ է, որ նախաձեռնությունները շատ են, բայց   ի՞նչ մեխանիզմներով է պայքարելու հոգևոր անվտանգության համար:

Վարդան Ղուկասյանը ոչ առաջին, ոչ էլ վերջին պատգամավորն է, որ խոսում է աղանդավորների դեմ պայքարի մասին: Նույն՝ «Ծառուկյան» դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ, ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն  անգամ միջազգային կառույցներում է խոսել աղանդավորական կազմակերպությունների  դեմ պայքարի մասին:  Ավելին,  ՀՀ-ում գործող աղանդավորական մի շարք  կառույցներ 2014 թ.ստորագրահավաք էին նախաձեռնել ընդդեմ Նաիրա Զոհրաբյանի: Վերջինս էլ  հայտարարել էր, որ ամեն ինչ անելու է հայ ընտանիքներին ու երեխաներին նրանց որոգայթներից փրկելու համար:

Անցել է երեք տարի, բայց  ըստ էության ոչինչ չի փոխվել: ՀՀ-ում քայքայիչ  գործունեություն ծավալողներն անվրդով շրջում են փողոցներում, գրքույկներ են բաժանում, հավաքներ կազմակերպում: Նույնիսկ  օրենսդիր մարմնի անդամի կոչմանը հավակնող  պատգամավորի թեկնածու Զոհրաբ  Զոհրաբյանն էր պաշտպանում  աղանդավորական կառույցներից մեկին՝ «Կյանքի խոսքին», որի հովիվներից մեկը նրա եղբայրն է:   

Դեռ հայտնի չէ, թե Հայ Առաքելական եկեղեցու, կառավարության հետ  այս թեմայով Վարդան Ղուկասյանը խոսե՞լ է, թե՞ ոչ, քանզի աղանդավորական կառույցների դեմ պայքարը միայն հոգևոր դաշտի  խնդիրը չէ: Բայց նաև Եկեղեցու կարևորագույն անելիքներից է: Դա հիմնականում քաղաքական ու ֆինանսական պայքար է:  Պատահական չէ, որ  ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին Վարդան Ասծատրյանն, օրեր առաջ խոսելով ՌԴ-ում Եհովայի վկաներ կազմակերպության փակման մասին, ասաց.

- «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեության արգելումը Ռուսաստանում քաղաքական որոշում էր: Ռուսաստանն այդ քայլով ընդվզեց նաև արևմտյան կառույցների դեմ: Այս ամենից հետո «Եհովայի վկաներ» կազմակերպությունը դիմելու է ՄԻԵԴ` ընդդեմ Ռուսաստանի: Չ իբացառվում, որ միջազգային կառույցները Ռուսաստանի դեմ տուգանքներ սահմանեն:

Մեր օրենսդրությունը, ըստ կառավարության աշխատակցի,  չի արգելում որևէ կրոնական կառույցի  գործունեությունը Հայաստանում: Բայց  եթե իրավական հիմնավորում լինի, պաշտոնյայի խոսքով՝ կարելի է արգելել աղանդավորական կառույցների գործունեությունը՝ թեկուզ դեմ գնալով Վենետիկի հանձնաժողովին:

Վարդան Ղուկասյանն այս հարցում կարծես թե իսկապես մարտական  է տրամադրված, և եթե հաջողի սկզբունքային իր պայքարում, ապա նրա անունը կմնա մեր պատմության մեջ: Բացի այդ,  նրա նախաձեռնությունը  նաև  լակմուսի թուղթ կլինի մյուս պատգամավորների համար: Բանն այն է, որ այդ կառույցները Հայաստանում   հովանավորներ ունեն քաղաքական մակարդակում: Իսկ եթե այս ամենն ընդամենը բամբասանքներ են, ուրեմն ազգային շահերը սպասարկող պատգամավորներն  անհապաղ կմիանան Վարդան Ղուկասյանի նախաձեռնությանը: Հակառակ դեպքում՝  գաղտնազերծումն անխուսափելի է: