Հյուր՝ դատապարտյալների ինքնագործ միավորումում

ԱՐԴԵՆ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Է՝ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՆՔՆԱԳՈՐԾ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ

Շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանի մշակույթի գործիչների միության
նախագահ Գուրգեն Բալայանը պարբերաբար հյուրընկալվում է ինքնագործ մշակութային միավորմում՝ իր հետ տանելով սիրված ու ճանաչվաճ արվեստագետների․․․ 
Ըստ Գուրգեն Բալայանի, հատկանշական է ու կարևոր,
որ այդ միավորման նախագահելու պատիվը
վստահվել է Մուշեղ Մխիթարյանին՝ կազմակերպչական մեծ ներուժ, կարողություն և կապերի լայն շրջանակ ունեցող արվեստի գործչի։
 
2023 թվականի մայիսի 12-ին Գուրգեն Բալայանը կրկին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հյուրն էր։ Միջոցառումը նշանավորվեց նաև նրանով, որ միավորման նախագահի հրավերով ՔԿՀ էր այցելել ազատամարտիկ, ակտիվ հասարակական գործիչ՝ «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը։ Հանդիպմանը հրավիրված էր նաև Գուսան Հայկազունը, ով, ծանրաբեռնվածության պատճառով չէր կարողացել միանալ ընկերներին, սակայն նամակ էր ուղարկել Մուշեղ Մխիթարյանին և շնորհակալագրեր ու պատվոգրեր, որոնք խնդրել էր իր փոխարեն Մուշեղ Մխիթարյանը հանձնի Ինքնագործ միավորման անդամ ակտիվ դատապարտյալներին և, իհարկե, ՔԿՀ վարչակազմին՝ հիմնարկի պետ Լաերտ Գրիգորյանի, պետի տեղակալ Հայրապետ Անանյանի և Սոցիալական բաժնի գլխավոր սոցաշխատող Հովհաննես Համբարձումյանի գլխավորությամբ։ 
 
Դատարկաձեռն չէր եկել նաև Սեյրան Չիլինգարյանը, ով իր հերթին պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրեց մի շարք դատապարտյալների։ Այսպիսով, Գուսան Հայկազունից և Սեյրան Չիլինգարյանից պատվոգրեր և շնորհակալագրեր ստացան դատապարտյալներ Սեյրան Մարկոսյանը, Ցոլակ Մելքոնյանը, Գրիշա Ահարոնյանը, Միքայել Մարտիրոսյանը, Կարեն Դալլաքյանը և Արթուր Քոչարյանը․ վերջինս արժանացավ նաև «Հովհաննես Այվազովսկի» մեդալի՝ Մոնթե Մելքոնյանի նկարի համար, որը մեծ սիրով նվիրեց Սեյրան Չիլինգարյանին։
 
Արդեն հայտնի իր երգերի կատարումներով հանդես եկավ երգիչ Արսեն Համբարյանը, որն ընթերցեց նաև մի քանի առակ՝ իր առակներիի գրքից, իսկ գիրքը ի վերջո տեղ գրավ ՔԿՀ գրադարանում, որտեղ և իրականացվում են Ինքնագործ միավորման միջոցառումները։
 
Ինչպես փաստում է ՔԿՀ-ում պարբերաբար միջոցառումների այցելող Գուրգեն Բալայանը՝ նման միջոցառումները շատ կարևոր են դատապարտված անձանց վերասոցիալականացման համար, մանավանդ, որ պետական քաղաքականությամբ այսօր մենք պատժողականից անցել ենք վերասոցիալականացման քաղաքականության։ Անշուշտ, չլուծված խնդիրներ դեռ կան, սակայն բանախոսները վստահ են, որ անլուծելի հարցեր չկան։
 
Նարեկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ