Լևոն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ. «Առաջնագիծն ամբողջությամբ ապահովված է»

- Անցած տարվա ապրիլին, հակառակորդը, որոշելով, որ ի վիճակի է ուժային եղանակով լուծել ղարաբաղյան հիմնախնդիրն իր օգտին դիմեց ռազմական գործողությունների: - «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսին ասել է պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը` հավելելով.

- Հակառակորդը ռազմական գործողություններին ընդգրկեց իր ամբողջ զինանոցը, չնայած տարբեր հայտարարություններով նշվում է, որ լրիվությամբ չի կիրառել, սակայն ես այդ մտքին համակարծիք չեմ: Օգտագործվել են և՛ հատուկ նշանակության զորամասեր, և՛ ստորաբաժանումներ, զանգվածային խոցման միջոցներ, հրետանային, հրթիռային, զանգվածային զրահատանկային ստորաբաժանումներ, արդի տեխնոլոգիաներ ունեցող զինատեսակներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, խոշոր տրամաչափի միջոցներ՝ արտասահմանյան արտադրությամբ, ոչ ադրբեջանական:

Լ. Մնացականյանը նաև փաստել է, թե բոլոր ուղղություններով միաժամանակյա ռազմական գործողությունները հուշում են, որ եղել է ընդհանուր պլանավորված ծրագրավորված հարձակում:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ մեր զորամասերն ու ստորաբաժանումներն ապրիլյան գործողությունների ընթացքում համարժեք պատասխան են տվել և ձախողել են հակառակորդի բոլոր ծրագրերը հյուսիսային, հարավային և կենտրոնական ուղղություններում:

- Ըստ մեր գնահատականների՝ այդ հարձակման ընթացքում հակառակորդը տվել է մինչև 1000 զոհ, մոտ 2000 վիրավոր և ստիպված է եղել մեկ անգամ ևս դիմել Ռուսաստանի Դաշնությանը և իրենց միջնորդությամբ հաստատվել հրադադարի համաձայնագիր,-մասնավորապես ասել է Լ. Մնացականյանը:
 

Ի պատասխան  «Արցախպրես»-ի թղթակցի հարցին, նախարարն ընդգծել է, որ առաջնագիծն ամբողջությամբ ապահովված է դիտարկման սարքավորումներով, և թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր վերահսկողության տակ.

- Այսօր էլ աշխատանքներն ընթացքի մեջ են: Վստահությամբ կարող ենք ասել, որ առաջնագծում և խորքում դիտարկման սարքերի շնորհիվ գիշերային պայմաններում թշնամու յուրաքանչյուր շարժ լրիվությամբ վերահսկվում է մեր կողմից, իսկ ցերեկային պայմաններում դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև անզեն աչքով իրականացնում ենք այդ դիտարկումները: Ցերեկային ժամերին մեր հիմնական ուղղություններում ևս տեխնիկական միջոցներ են տեղադրվել, և այդ աշխատանքները համարում ենք շարունակական: