Ուրիշի ցավին անտարբեր ենք դառնում

Այսօր սառնասրտորեն ասում ենք, որ 13 երեխա անտուն ու մուրացիկ է (չբացառելով, որ կարող են նաև հանցագործ դառնալ կամ առողջական ու հոգեկան լուրջ խանգարումներ ունենալ), իսկ վաղը չենք զարմանա, երբ սկսեն խոսել արդեն հարյուրների մասին: Բայց չէ՞ որ դա հասարակության համար իսկական չարիք կլինի: Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացվում են: Եթե ոչ պետությունը, ապա գոնե բարեգործները այս երեխաներին տեր կկանգնե՞ն:

25 տարի առաջ վերստացած անկախությունը, ինքնին դրական լինելով, նաև մեր երկրում բազմաթիվ բացասական երևույթներ ի հայտ բերեց: Փողոցներում մուրացող մարդիկ այնքան սովորական դարձան, որ անցուդարձողներն արդեն նրանց չեն էլ նկատում կամ էլ ոչինչ չեն տալիս` մտածելով, թե դա կազմակերպված շորթումի մի տարբերակ է:

Ամենատխուրը երեխաների մուրալն է: ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը տվյալներ է հրապարակել, ըստ որոնց 2016թ. մեր երկրում հաշվառվել է 13 մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահաս: Ընդ որում` նրանց թիվն ավելացել է, քանի որ 2015թ. ընդամենը 8-ն էր հաշվառված եղել:
Թվում է` անտուն ու անապրուստ մնացած այս մի քանի երեխաներին (բոլորը` տղաներ) դժվար չէ ընդգրկել ինչ-որ ծրագրերում, ապրուստի ու սովորելու հնարավորություն տալ. չէ՞ որ պետություն ենք, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, առողջապահության… նախարարություններ ունենք, որոնք ամեն կարգի բազմաթիվ ծրագրեր են իրականացնում: Մանավանդ` հաշվառվածների թիվը մեծ էլ չէ, որպեսզի մտածելու տեղիք տա, թե միջոցները չեն հերիքի:

Ավելին, մեր հասարակությունում հարազատները, ազգուտակը, հարևանները պետք է որ տեր կանգնեին նման երեխաներին, չթողնեին, որ փողոց ընկնեն: Չէ՞ որ 1988-ի երկրաշարժից հետո ծնողազուրկ դարձած ոչ մի երեխա մանկատանը չհայտնվեց, առանց խնամքի չմնաց: Ցավոք՝ հենց միայն «Կիսաբաց լուսամուտների» ամենօրյա եթերն այնքան ահավոր իրողություններ է երևան հանում, որ հիմա նման հույսերը սին են թվում:

Ամենամտահոգիչը նման երեխաների թվի աճն է: