Պետությունը կաջակցի պատերազմի մասնակիցների մասնագիտական վերապատրաստմանը և աշխատանքի տեղավորելուն

Կառավարությունն այսօր հաստատել է Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը:
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը զեկուցել է, որ ծրագրի նպատակն է աջակցել պատերազմի մասնակից գործազուրկ անձանց՝ համալրելու գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը:
 
Ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ մինչև 5 ամիս տևողությամբ շահառուի մասնագիտական ուսուցում, գործատուի մոտ 3 ամիս տևողությամբ փորձաշրջան, և եթե, գործատուի կարծիքով, մասնագիտական ուսուցման ու փորձաշրջանի կարիք չկա, միանգամից աշխատանքի ընդունում և միանվագ փոխհատուցում: Առաջարկվում են փոխհատուցման հետևյալ չափերը. ուսուցման ամբողջ ժամանակահատվածի համար մինչև 5 ամիս տևողությամբ ուսման վարձի փոխհատուցում՝ ամսական կտրվածքով, առավելագույնը 50000 ՀՀ դրամի չափով, կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:
 
Մասնագիտական ուսուցման գործընթացն անցնելուց հետո կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ 1 տարի ժամկետով, և ամսական կտրվածքով գործատուին առաջարկվում է տրամադրել առավելագույնը 50000 ՀՀ դրամ՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային վճարումների համար: Փորձաշրջանի դեպքում առաջարկվում է գործատուին փոխհատուցում տրամադրել շահառուի աշխատավարձի վճարման համար նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ ամսական կտրվածքով, 3 ամիս տևողությամբ, և շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային վճարումները փոխհատուցելու համար՝ 3 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25000 ՀՀ դրամի չափով և 9 ամիս ժամկետով՝ առավելագույնը 50000 ՀՀ դրամի չափով:
 
Երրորդ բաղադրիչով առաջարկվում է գործատուին տրամադրել 300000 ՀՀ դրամի չափով միանվագ փոխհատուցում, եթե վերջինս առնվազն մեկ տարի ժամկետով կկնքի աշխատանքային պայմանագիր: Նախարարը նշել է նաև, որ մեկ այլ նախագծով ներկայացվելու է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության պետական ծրագիրը, համաձայն որի՝ եթե պատերազմի մասնակիցն ունենա հաշմանդամություն, գործատուն կկարողանա օգտվել նաև իր աշխատանքային միջավայրի հարմարեցման համար նախատեսված  500000 ՀՀ դրամի չափով աջակցությունից: