ՍՈՎՈՐԵԼ ԿԱՐԵԼԻ Է ԱՄԵՆ ՄԵԿԻՑ

Չսովորելն է ամոթ

Տանզանիան, մեր պատկերացմամբ, աֆրիկյան մի հետամնաց երկիր է և մեզ հետ ոչ մի առնչություն չունի: Սակայն այսօր ակնհայտ է, որ մենք նրանցից սովորելու բան ունենք և առաջին հերթին՝ կեղծը շիտակից տարբերել:    
 
Արևելյան Աֆրիկայի 49 միլիոնանոց պետությունում նախագահը շուրջ 10 հազար պաշտոնյայի աշխատանքից հեռացրել է, քանի որ 2015թ.-ից սկսված քննությունը պարզել է, որ նրանց դիպլոմներն ու մասնագիտական որակավորման փաստաթղթերը կեղծ են եղել:  Տանզանիայի նախագահ Մագուֆուլին ոչ միայն խոստացել է, որ շատ արագ նրաց կփոխարինեն որակավորված պետական ծառայողները, այլև լրատվամիջոցներին հանձնարարել է հրապարակել կեղծ դիպլոմով պետական պաշտոն ստացած բոլոր նախկին ծառայողների անունները: 
 
Տանզանիայի ղեկավարությունը նախագահ Մագուֆուլին ստանձնել է 2015թ., և անմիջապես սկսել է այնպիսի կոշտ քաղաքականություն վարել, որը հայտնի է դարձել «տինգատինգա» անունով: Այդ բառը  բուլդոզեր է թարգմանվում: Այստեղից թերևս բխում է, որ իր երկրի բարգավաճման համար լրջորեն մտահոգված նախագահը նախ մաքրում, հարթում, ապահով է դարձնում տարածքը, որպեսզի հետո այնտեղ բարձրացնի իր պետության գեղեցիկ ու ամուր շենքը:
 
Նման տեղեկություններ կարդալիս անհնար է զուգահեռներ չանցկացնել սեփական երկրի հետ: Ցավոք, եթե ոչ կեղծված, ապա գիտելիք «չպարունակող» դիպլոմակիր պաշտոնյաների պակաս մենք նույնպես չունենք: Այնքան շատերն են այսօր դիպլոմ ստանում միայն նրա համար, որ կարողացել են բուհում ուսման վարձը պարտաճանաչ վճարել, իսկ քննություններին ներկայանալ (եթե, իհարկե, բարեհաճել են)՝ գնահատականի համար նախօրոք սակարկելուց հետո: 
 
Մինչև չգա այն օրը, երբ բուհը պատասխան կտա իր ձախողված մասնագետի համար, չենք կարող հույս ունենալ, թե մեր երկրի ապագան արհեստավարժ ձեռքերում է: Այդ նույն բուհերը հիանալի մասնագետներ նույնպես ավարտում են, սակայն նրանցից շատ քչերն են իրենց գիտելիքներին ու հնարավորություններին համարժեք աշխատանք  ստանում: Իսկ պետական պաշտոնները շատ դեպքերում զբաղեցնում են արդեն իսկ այնտեղ տեղավորված հայրիկների ապահով ապրած, երբեք ոչ մի հոգս չտեսած, փողով դիպլոմի տեր դարձած բալիկները: Մինչև ՀՀ պետական համակարգն այն կարգի բալիկներից (այլ ազգականներից, կաշառքով աշխատանքի տեղավորված տգետներից) չմաքրվի, մինչև այդ համակարգից դուրս մնացած հիանալի մասնագետները մեր երկրի կառավարման գործում չներգրավվեն, դժվար է իրական արդյունք ակնկալելը: